«Փողը չպետք է որակ ապահովելու նախապայման լինի» – Հարցազրույց Աննա Տիգրանյանի հետ

 

Բավական է ձեռք բերել շպարի անհրաժեշտ պարագաներ և, ահա, գլուխգործոցը պատրաստ է՝ անկախ տաղանդից կամ հմտություններից: Շատերը հենց այդպես էլ մտածում են, բայց իրական պատկերն այլ է: Շպարի և դեմքի գեղեցկության փոքրիկ գաղտնիքների մասին էլ զրուցեցինք վիզաժիստ Աննա Տիգրանյանի հետ:

–  Ինչո՞ւ դիմահարդարում եւ ոչ թե այլ մասնագիտություն:  

– Քանի որ.. դիմահարդարումը երկար և հետաքրքիր պատմություն ունի: Այն ինձ ավելի հոգեհարազատ մասնագիտություն է: Գեղեցիկ լինելու համար կանայք միշտ դիմել են դիմահարդարման եւ գույների օգնությանը: Ինձ այս ոլորտը հետաքրքրում էր դեռ մանկուց, հատկապես հաշվի առնելով կանանց բնավորությունն ու տեսքը կերպարանափոխելու հնարավորությունը, միեւնույն ժամանակ կարեւորելով գեղեցկությունը: Ուստի, այդ պատճառով էլ ցանկացա տիրապետել այս մասնագիտության բոլոր գաղտնիքներին:

–   Ի՞նչ նորություն կա այսօրվա դիմահարդարման ասպարեզում, հատկապես Հայաստանում:

– Շատ փոփոխություններ: 2018 թվականից նորաձեւ է լինելու, օրինակ՝ NUDE ոճը: Այստեղ կարեւոր է նաեւ ընտրել դեմքի ճիշտ քսուքը, որպեսզի մաշկը հարթ եւ բնական փայլ ձեռք բերի, քանի դեռ այսօր փայլուն երանգներն ու շրթնաներկերը արդի են:

–    Ի՞նչ է բացակայում հայ դիմահարդարների կյանքում: Գուցե իրենց ավելի շատ ֆինանսական աջակցություն և հնարավորությո՞ւն է անհրաժեշտ՝ նոր սարքավորումներ, պարագաներ և հմտություններ ձեռք բերելու համար:

– Ինչպես շատ երկրներում, այնպես էլ այստեղ անհրաժեշտ է ստեղծագործական ավելի շատ  ազատություն եւ անկեղծություն: Ի վերջո, դիմահարդարումն արվեստի ձեւ է, ինչը հնարավորություն է տալիս ընդգծել կանանց գեղեցկությունը՝ ընձեռելով նրանց վստահություն եւ սիրված լինելու զգացում: Տաղանդն անհրաժեշտ է ցանկացած ոլորտում, սակայն ավելի խելամիտ է շատ ժամանակ և աշխատանք հատկացնել՝ ընտրված մասնագիտությանը խորապես տիրապետելու, հետևաբար հաջողության հասնելու համար:

– Դուք համագործակցել եք բազմաթիվ ճանաչված հայ մասնագետների հետ: Երբեւէ զգացե՞լ եք արհեստավարժ եւ սիրողական մոդելների/հաճախորդների/ տարբերությունը

– Այո: Ավելի պրոֆեսիոնալ դիմորդները, հատկապես արվեստի եւ մշակույթի բնագավառում, ավելի շատ են տեղեկացված դիմահարդարման գիտելիքներին եւ գիտեն՝ կոնկրետ ինչ կերպար են ուզում սատանլ, ինչը իմ աշխատանքն էլ ավելի է հեշտացնում: Այն հաճախորդներն, ովքեր շատ տեղեկություն չունեն դիմահարդարման մասին, ավելի քմահաճ են և վստահ չեն, թե ինչ կերպար են ցանկանում լինել:

– Համաձա՞յն եք «որքան շատ գումար, այնքան որակ» գաղափարի հետ:

– Միանշանակ ոչ: Աշխատանքի որակը չի կարող կախված լինել բացառապես փողից: Առնվազն իմ պարագայում: Իհարկե, ցանկացած մասնագետ ցանկանում է, որ իր աշխատանքը կայանա թե’ ֆինանսապես, թե’ որակապես, բայց փողը չպետք է լինի որակ ապահովելու միակ պայմանը:

– Հետաքրքիր է, թե ինչպես կարող ենք վստահ լինել՝ որ արտադրանքը /բրենդը/ որակյալ է եւ անվնաս մաշկի համար: Գինը կարո՞ղ է որոշել որակը, թե՞ այն ընդամենը կապված է ապրանքանիշի եւ գովազդի հետ:

-Կան մի շարք բրենդեր, որոնք ինձ դուր են գալիս: Իրականում, դրանց բաղադրիչներից մենք կարող ենք պարզել նաև որակը: Այնուամենայնիվ, ավելի կարեւոր է ունենալ մեր մաշկի որակի մասին շատ տեղեկություն, քանի որ մաշկի յուրաքանչյուր տեսակ առանձնահատուկ մոտեցում եւ խնամք է պահանջում: Տեղյակ լինելով այդ մասին՝ կարող ենք ավելի հեշտ ընտրել համապատասխան ապրանքանիշը: Ինչ վերաբերում է գույնին, ապա ես նախընտրում եմ ավելի թանկ եւ պրոֆեսիոնալ ապրանքանիշեր, քանզի երկար տարիների իմ փորձը ցույց է տվել, որ ցանկացած ապրանքանիշ դառնում է ավելի հայտնի, երբ այն բավարարում է սպառողի պահանջները:

Ելենա Չոբանյան

Posted by on Nov 14 2018. Filed under Culture, News. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

Leave a Reply

Log in | Designed by Gabfire themes