Elena Chobanyan

Արեգ Միքայելյան․ «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ զարգանում են այն պետությունները, որտեղ կարևորվում և զարգանում է գիտությունը» (մաս 2-րդ)

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page
  •  
  •  

Ներկայացնում ենք Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը։ Առաջին մասը՝ այստեղ։

Ինչի՞ն կնպաստեր Հայաստանում տիեզերական գործակալություն ստեղծելը:

– Դեռևս 2010թ. սկզբին, համագործակցելով ամերիկյան և եվրոպական տիեզերական ծրագրերի և համապատասխանաբար՝ տիեզերական գործակալությունների հետ, արդեն զգացել եմ Հայաստանում նույնպես տիեզերական գործակալություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Այն թույլ կտար պաշտոնապես միանալ մի շարք նախագծերի, թեկուզ և մեզ մոտ դեռևս շատ բան հնարավոր էլ չէր իրականացնել։ Բայց, ինչպես մի շարք այլ առաջարկներ, իմ այս առաջարկն էլ մնաց անպատասխան։ Միայն ՄԱԿ-ի վերոհիշյալ հանձնաժողովին միանալուց հետո, արդեն հենց իրենց պահանջով, ՀՀ-ում ստեղծվեց տիեզերական գործակալություն, այն էլ՝ ձևական։
Այն երբեմն կոչում են «Արմկոսմոս» («Ռոսկոսմոսի» նմանությամբ): Ինքս տարբեր առիթներով դա կոչել եմ պարզապես Հայկական տիեզերական գործակալություն կամ անգլերեն՝ Armenian Space Agency (ArSA)։ Ըստ իս՝ առաջին գործերը, որ հնարավոր են, կազմակերպական և տեղեկատվական բնույթի պետք է լինեն։ Մեր գործակալությունը պետք է ստեղծի համացանցային կայքէջ, ունենա իր թիմը, որևէ նստավայր, գրասենյակ, կառուցվածք՝ հստակ ձևակերպելով իր նպատակները, համագործակցության պայմանագրեր ստորագրի մի քանի այլ գործակալությունների հետ, կայքէջում տեղադրի կարևորագույն տեղեկատվությունը, տեղեկատվություն ստանա ու փոխանակվի «Ռոսկոսմոսի», ՆԱՍԱ-ի, Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) հետ։ Դե իսկ հաջորդ քայլերն արդեն ավելի բովանդակային պետք է լինեն։
Ռազմական ոլորտում, այո՛, առաջինը, որ կարող ենք անել, իրականացնենք մանրակրկիտ տիեզերական քարտեզագրություն, այնուհետև՝ դրա վրա հիմնված հետախուզություն։ Դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք աստղադիտարանի վրա առաջիկայում կդրվի որևէ պաշտպանական խնդիր։ Եթե խոսենք պոտենցիալի մասին, աստղագետները կարող են իրենց գիտելիքներով իրատեսական խնդիրներ լուծել։ Մեր երկրի համար, աստղադիտարանի անմիջական մասնակցությամբ, կարևոր կլինի զարգացնել տիեզերական պաշտպանությունը։ Մենք չունենք սեփական արբանյակ, բնականաբար, վերևից նկարած պատկերները, երկրի մակերեսի մանրամասների քարտեզագրումը և այլ տեղեկություններ ստիպված ենք գնել ուրիշներից։

Եվ դա ենթադրում եմ, որ ավելի թանկ կարժենա:

– Տրամաբանական է: Սեփական արբանյակի ստեղծումը կարող է լինել աստղադիտարանի կարևորագույն գործերից մեկը: Պարզ է, որ անհրաժեշտ է տրամադրել ֆինանսներ, գործարան աշխատեցնել, որպեսզի արբանյակը պատրաստվի։ Իսկ աստղադիտարանը կարող է մշակել գիտական մասը։

– Հասկանալի է, թե ինչ է անհրաժեշտ, բայց առաջինն անհրաժեշտ է վերականգնել ու ամրապնդել գիտության և պետության միջև եղած անքակտելի կապը:

– Այստեղ մի քանի խնդիր կա։ Առաջինը հասարակության մեջ գիտության նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն է, որի հիման վրա էլ իշխանությունները կարող են փոխել իրենց վերաբերմունքը և սկսեն գիտությունը կարևորել։

– Գուցե նաև հակառակը…

– Իհարկե, հասարակությունն ավելի գրագետ դարձնելն էլ է պետության խնդիրը։ Այնպես որ, հենց պետության ղեկավարությունը պետք է շուտափույթ կերպով զբաղվի այդ հարցերով։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ զարգանում են այն պետությունները, որտեղ կարևորվում և զարգանում է գիտությունը։ Պատմության մեջ բոլոր օրինակները դա են ապացուցում: Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, ԽՍՀՄ/Ռուսաստան, ԱՄՆ, Ճապոնիա, փոքր երկրներից՝ Իսրայել, Հարավային Կորեա։ Մեզ մոտ գիտությանը հատկացվող չնչին գումարները վկայում են, որ այն ամենաարհամարհված ոլորտն է երկրում։
Երկրորդ կարևոր հանգամանքը գիտության և տնտեսության, բիզնեսի միջև կապի ստեղծումն է, այսպես կոչված գիտության առևտրայնացումը։ Երբեմն վկայակոչում են գիտնականներին, որ պետք է գիտության արդյունքները վերածել կիրառականի, տնտեսության կամ բիզնեսի մեջ օգտագործելիի։ Ցավոք, գիտնականը պատրաստված չէ նման գործունեության համար: Ուրեմն չի էլ կարող դա հաջող իրականացնել, և ոչ էլ գործարարներն են պատրաստ հասկանալ գիտության արդյունքի կիրառելիությունը։ Այդպիսով, խորքային խզում կա գիտության և տնտեսության միջև։ Սակայն այն հնարավոր է շտկել՝ գիտության առևտրայնացման ճիշտ գործիքակազմ կիրառելով։ Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ միջանկյալ օղակի անհրաժեշտության մասին։ Դրա համար անհրաժեշտ են մասնագետներ, որոնք հենց դրանում են հմտացած։ Ուղիներից մեկն է արտասահմանից հրավիրել մի քանի մասնագետի, որոնք միաժամանակ կիրականացնեն գիտության մի շարք արդյունքների առևտրայնացում և կպատրաստեն նոր կադրեր այդ գործունեության համար։ 

– Իսկ երրորդը՝ մեր երկրի բոլոր ոլորտներում գիտական, խելացի մոտեցումներով իրավիճակի բարելավումն է։

– Միանշանակ: Գիտնականների ներգրավումը, նրանց խորհրդատվության կարևորումը երկրի տարբեր ոլորտներում կարող է շատ բաներ էապես բարելավել։ Միայն մեկ օրինակ բերեմ՝ ճանապարհային կամ ասենք, Երևանի փողոցային երթևեկությունից։ Բավական է մանրակրկիտ ուսումնասիրության և համեմատական վերլուծության ենթարկել, հաշվարկներ և ճիշտ եզրակացություններ անել, այսինքն այն, ինչպես աշխատում են գիտնականները, և կարելի է Երևանի փողոցային երթևեկության վիճակն առնվազն կրկնակի բարելավել։
Խորհրդային ժամանակներում մասնավոր սեփականություն, բիզնես չկար: Պետությունը բոլոր ոլորտները կոորդինացնում էր իր ցանկացած ձևով։ Եվ, ընդհանրապես, այն ժամանակ Հայաստանը կարող էր ԽՍՀՄ մեծ ծավալի արտադրության մեջ մի փոքր մաս կազմել ընդամենը, պարտադիր չէր հենց միայն Հայաստանում սկզբից մինչև վերջ ինչ-որ գործ հասցնել հանգուցալուծման։ Անկախության 30 տարիների ընթացքում դեռևս չենք կարողացել լուծել այս խնդիրը։ Եվ դա միայն գիտնականը չի կարող անել: Պետք է ֆինանսավորում, մասնագետներ լինեն, որպեսզի գիտական արդյունքը վերածեն կիրառական արտադրանքի, ինչն էլ արդեն անմիջականորեն կօգտագործվի տնտեսության մեջ՝ ի նպաստ մեր երկրի զարգացման։

– Շնորհակալություն հարցազրույցի համար, և, իհարկե, հետամուտ կլինենք մեր երկրի այն ոլորտներին, որտեղ գիտությունն է հիմնական շարժիչ ուժը: 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *