Elena Chobanyan

ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ «ՍԵՓԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ» (մաս 1-ին)

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page
  •  
  •  

«Հիմնարար գիտությունը պահանջում է լուրջ ծախսեր, որոնք ի վերջո կատարվում են հօգուտ մեր երկրի։ Եթե դիտարկենք պատմության մեջ ցանկացած ժամանակահատված, օրինակ՝ վերջին 300 կամ 100 տարին, կտեսնենք, որ այն ամենն, ինչ այսօր ունի մարդկությունը, գիտության շնորհիվ է։ Բայց նույնիսկ եթե այդ ամենը հաշվի չառնենք, պատկերացրեք, եթե մեր պետական բյուջեում գիտության ֆինանսավորումը կրկնապատկվեր, ապա աշխարհի զարգացած երկրների վերաբերմունքը դեպի մեր երկիրն առնվազն կրկնակի կբարելավվեր և, արդյունքում, Հայաստանը միմիայն կշահեր՝ հնարավոր վարկերի, ներդրումների և այլնի տեսքով, առավել ևս՝ քաղաքական և դիվանագիտական դաշտում», – մեզ հետ զրույցում նշեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ հավելելով, որ նույնիսկ առանց հաշվարկներ կատարելու ակնհայտ է, որ մեր պետությունը դեռևս լուրջ անելիքներ ունի այս առումով, որոնք կարող են գիտությունը ծառայեցնել ի շահ մեր երկրի և Հայաստանը տանել առաջատար երկրների ճանապարհով։

– Պարոն Միքայելյան, ինչպիսի՞ն են 2020 թվականի համավարակի և, հատկապես, սեպտեմբերյան դաժան ու շատ հարցականներով պատերազմի հետևանքները Հայաստանի աստղագիտության ոլորտի վրա:

– Սկսած 2020թ. մարտի 16-ից, COVID-19 համավարակի ընթացքում, մենք վերաձևավորեցինք Բյուրականի աստղադիտարանի, հատկապես՝ գիտաշխատողների աշխատանքը։ Իհարկե, ծառայությունները այժմ էլ շարունակում են աշխատել ֆիզիկապես. տնօրինություն, գրասենյակներ, հաշվապահություն, պահակային ծառայություն և այլն, թեև որոշ չափով կրճատված ռեժիմով: Իսկ գիտաշխատողներն անցան առցանց ռեժիմով աշխատանքի։ Բարեբախտաբար, վերջին երեք տարում մեզ հաջողվել էր բոլորին ապահովել համակարգիչներով, այդ թվում շատերին՝ դյուրակիր տեսակի (նոութբուք)։ Եվ որպեսզի առցանց աշխատանքը չզիջի ֆիզիկականին, մենք պարտադիր պայման դրեցինք ամսական հաշվետվություններ ներկայացնելը։ Բացի այդ, ամեն օր գիտահետազոտական բաժինների աշխատակիցները կապի մեջ են, իսկ տնօրինությունը պարբերաբար առցանց հանդիպումներ է ունենում թե՛ բաժինների վարիչների, թե՛ բաժինների ողջ անձնակազմի հետ։ Այդպիսի ռեժիմի շնորհիվ կարողացանք խուսափել համավարակի ալիքից, թեև առանձին աշխատակիցներ այլ տեղերից վարակվել էին, սակայն աստղադիտարանում համավարակը չի տարածվել։ Ասեմ նաև, որ ակտիվորեն կազմակերպվում են առցանց ժողովներ, սեմինարներ, գիտական խորհրդի նիստեր, զանազան քննարկումներ, նույնիսկ միջազգային գիտաժողովներ։ Տարվա արդյունքներն ամփոփելիս ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր աշխատանքը չի տուժել:

– Իսկ սեպտեմբերյան պատերա՞զմը, որը չխնայեց շատ հերոսների կյանքեր…

– Արցախյան պատերազմի ազդեցությունն ու հետևանքներն այլ են։ Աստղադիտարանն իր ռեսուրսներով փորձեց նպաստել մեր հաղթանակին, բայց ավաղ: Մենք մեր հյուրատանն ընդունել էինք նաև Արցախից տարհանված 36 երեխաների, մայրերի և ծերերի։ Նրանց համար ամեն ինչ ապահովեցինք՝ գիշերակաց, սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ, դպրոցականների համար՝ գրենական պիտույքներ, մանկահասակ երեխաների համար՝ խաղալիքներ։ Բայց դա մի փոքր սփոփանք էր միայն, որ մի քանի տասնյակ արցախցիների կարողացանք ժամանակավոր կացարան տալ։ Պատերազմի հետևանքով կորցրինք բազմաթիվ կյանքեր, հսկայական տարածքներ, կրեցինք նյութական մեծ վնասներ, ամենածանր հետևանքներից է նաև հոգեբանականը։ Մարդիկ ընկճված են, կոտրված։ Շատ ափսոս, որ չի օգտագործվում և չի կարևորվում գիտնականների ներուժը… նաև այդօրինակ իրավիճակներում։

– Այս տարի պետությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերե՞լ է աստղագիտությանը:

– Բյուրականի աստղադիտարանը պետական բյուջետային հիմնարկ է (ՊՈԱԿ-ի կարգավիճակով), այն գործում է ՀՀ ԳԱԱ կազմում և ֆինանսավորվում է պետության կողմից։ Ավելին, այն ՀՀ Ազգային արժեք է, ինչպես և Մատենադարանը և Ցեղասպանության ինստիտուտը։ Բնականաբար, պետության կողմից 2021թ. նույնպես ստանալու ենք բյուջետային ֆինանսավորումը, այն է՝ 215.516.800 ՀՀ դրամ (հատկացված է ճիշտ նույնը, ինչ 2020թ.), այսինքն՝ ամսական մոտ 18 մլն ՀՀ դրամ։ Այլ հարց է, որ դա չափազանց քիչ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ ունենք 97 աշխատակից, 54 հա տարածք, 70 շինություն, 12 աստղադիտակ, այլ գիտական սարքավորումներ, դենդրոպարկ հանդիսացող այգի, և հիմնարկը Երևանից 35 կմ հեռավորության վրա է գտնվում: Այսինքն, պահանջում են նաև տրանսպորտային ծախսեր։ Նույնիսկ ցածր աշխատավարձերի պայմաններում (100-150 հազար դրամ), դրանք վճարելուց և կոմունալ վճարումները կատարելուց հետո չնչին գումար է մնում աստղադիտարանի ենթակառուցվածքներն աշխատեցնելու համար, ամսական շուրջ 3 մլն դրամ։ Նշեմ նաև, որ գիտնականները լրացուցիչ ստանում են գիտական աստիճանների հավելավճարներ (գիտության թեկնածու՝ ամսական 25 հազար և գիտության դոկտոր՝ 50 հազար դրամ), ոմանք՝ ՀՀ առավել արդյունավետ գիտաշխատողների հավելավճարներ, առավել ակտիվները՝ թեմատիկ կամ միջազգային համագործակցության դրամաշնորհներ։ Դա իհարկե վատ չէ, բայց նման գումարներ ստանում են մի քանի հոգի միայն։ Վերոնշյալ ամսական 3 միլիոնին էլ գումարվում է մեր պայմանագրերից ստացվող լրացուցիչ մոտ 4-5 մլն դրամ, այսինքն՝ մենք ամսական ունենք մոտ 7-8 մլն դրամ սարքավորման և տեխնիկական այլ ծախսերի, միջացառումների կազմակերպման, գործուղումների աջակցության, համակարգիչների և համալրող պիտույքների, շինարարության, վերանորոգման աշխատանքների, կահույքի, տպագրական ծախսերի, գրենական պիտույքների և այլնի համար։ Սա չափազանց քիչ է հիմնարկի նորմալ գործունեության համար։

– Խոսենք հայկական արբանյակ ստեղծելու մասին: Ի՞նչ կարժենա հայկական արտադրանքի արբանյակ ստեղծելը և ո՞ր ոլորտներում այն կարող ենք օգտագործել: Որտե՞ղ կարող է աստղագիտությունը լուրջ նպաստներ բերել: Ասենք, օրինակ՝ բանակում, ռազմական խնդիրների լուծման ուղղությամբ, քանզի այս պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ չէ կռվել կամ դիմակայել 5-6-րդ սերնդի ռազմատեխնիկայով պատերազմող մեծ պետությունների հարվածներին, անգամ հզոր, անձնուրաց և անպարտ ոգով հերոսներ ունենալու պարագայում:

– Վերջին տվյալներով, ներկայում Երկրի ուղեծրում կա 2787 գործող արհեստական արբանյակ։ Դրանց մոտ կեսն ամերիկյան են, 365-ը՝ չինական, 170-ը՝ ռուսական և մյուս բոլոր երկրները միասին ունեն ևս 830 արբանյակ։ Իհարկե, արձակվել են ավելի մեծ թվով արբանյակներ, որոնք արդեն դադարել են գործել։ Հիշեցնենք, որ առաջին արհեստական արբանյակն արձակել է Խորհրդային Միությունը 1957թ. հոկտեմբերի 4-ին, որից հետո 1958-ի փետրվարի 1-ին իրենց առաջին արբանյակն արձակեցին ամերիկացիները։ Այնուհետև «տիեզերական» պետություններին միացան Կանադան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, Իսպանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, նաև Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ), Բրազիլիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Արգենտինան, Ուկրաինան, Ռուսաստանը, Իրանը, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Թուրքիան, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 40 պետություն (փոքր արբանյակներ արձակել են ավելի շատ պետություններ)։ Այսինքն՝ սեփական արբանյակ արձակելով Հայաստանը կարող է ներգրավվել տիեզերական հետազոտությունների առումով աշխարհի առաջատար երկրների շարքում։

Հայաստանը պաշտոնապես միացել է ՄԱԿ-ի COPUOS-ին (Committee on the Peaceful Uses of Outer Space՝ Տիեզերական տարածության խաղաղ օգտագործման հանձնաժողով) 2014 թ., ինչը կարելի է առաջին քայլը համարել տիեզերական պետություն դառնալու ուղղությամբ (Ադրբեջանն անդամագրվել էր ավելի վաղ, Վրաստանն առ այսօր անդամ չէ, իսկ հանձնաժողովն ունի շուրջ 100 անդամ-պետություն)։ Համաձայն կնքված հենց առաջին փաստաթղթերի՝ ՀՀ-ն պետք է ստեղծեր տիեզերական գործակալություն։ Փոխարենը ստեղծվեց միայն միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկում է այդ ոլորտի հարցերը։

– Ի՞նչ կասեք հայկական արբանյակ ստեղծելու այսօրվա հնարավորությունների մասին։

– Բազմիցս քննարկվել է Հայաստանի՝ սեփական արբանյակ ունենալու հարցը։ Իսկ սեփական արբանյակ արձակելով՝ Հայաստանը կարող է ներգրավվել տիեզերական հետազոտությունների առումով աշխարհի առաջատար երկրների շարքում։
Արբանյակների տեսակները կախված են նրանց ուղեծրերից, ինչն էլ թելադրում է նրանց կիրառությունը։ Կան ցածրուղեծրային (հիմնականում՝ ռազմական նշանակության), արևասինխրոն (կամ բևեռային, հիմնականում՝ օդերևութաբանական), երկրասինխրոն (հիմնականում օգտագործվում են հաղորդակցությունների համար) և երկրակայուն (առավել հաճախ հենց սրանք են օգտագործվում կապի և հաղորդակցությունների համար) արբանյակներ, որոնք տարբեր գների և տարբեր կյանքի տևողություն ունեն։ Ցածրուղեծրայիններն ավելի էժան են, սակայն շուտ էլ շարքից դուրս են գալիս։ Երկրակայուն արբանյակների ուղեծրի բարձրությունը 35788 կմ է, ինչը թույլ է տալիս մշտապես «կախված» մնալ Երկրի նույն կետի վերևում։
Կան մինիարբանյակներ, որոնց գները մատչելի են թե՛ Հայաստանի, թե՛ առանձին անհատների համար՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար։ Կան նույնիսկ նանոարբանյակներ՝ 10կգ-ից էլ պակաս կշռով։ Սակայն լուրջ գործունեության համար, ի վերջո, անհրաժեշտ է ունենալ երկրակայուն արբանյակ, որի արժեքը կազմում է 200-250 մլն ԱՄՆ դոլար։ Այլընտրանք է ուրիշներին պատկանող արբանյակների վրա որևէ մասնաբաժին ունենալ ավելի մատչելի գնով։ Այդ դեպքում նույնպես կկարողանանք մասնակիորեն իրականացնել մեր երկրին անհրաժեշտ խնդիրները։ Իհարկե, ժամանակակից պատերազմի համար արբանյակ ունենալը շատ օգտակար կարող էր լինել, տիեզերական քարտեզագրության, տիեզերական հետախուզության և այլնի համար։ Ինչ վերաբերում է արբանյակների գործունեության ոլորտներին, ապա դրանք շատ լայն են՝ կապի և հեռահաղորդակցությունների, քարտեզագրության, օդերևութաբանական, գյուղատնտեսական, կենսաբանական, աստղագիտական, ռազմական և մի շարք այլ ոլորտներ։ Ի դեպ, մի քանի օր առաջ Իլհամ Ալիևն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումն իրենց հսկայական առավելություն է տվել: Հիշեցնենք, որ Ադրբեջանն արբանյակ ունի 2013 թվականից։

(շարունակելի)

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *