Arsen Arzumanyan

Հետադարձ հայացք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Փետրվարի 12-18-ը Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն իսկական տոն դարձավ մրցավայր ժամանած կամ հեռուստաէկրանների առջև գամված հայ երկրպագուների համար։ Ռումինիայի մայրաքաղաքի «Երիտասարդական» զբոսայգում գտնվող «Sala Polivalentă» բազմաֆունկցիոնալ մարզադահլիճը հյուրընկալել էր եվրոպայի հունահռոմեական և ազատոճային լավագույն ըմբիշներին, որոնք ուժերը չափեցին տասական քաշային կարգերում։

Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ էմոցիաներ էին տիրում մարզադահլիճում հայ մարզիկների եզրափակիչների ժամանակ։ Պատահական չէ, որ եզրափակիչ հասած մեր բոլոր մարզիկներն իրենց փայլուն որակների շնորհիվ և ռումինահայ համայնքի բուռն աջակցության ներքո հաղթեցին բոլոր որոշիչ գոտեմարտերում։ Առանձնահատուկ ստացվեց Մալխաս Ամոյանի (77 կգ) գոտեմարտը թուրք Էմրե Բասարի հետ, երբ շատ լարված մթնոլորտում, գորգի վրա պայքարին զուգահեռ, հակադիր տրիբունաներից ֆուտբոլային երկրպագուներին հատուկ ոճով կողմերն աջակցում էին իրենց մարզիկներին։ Մալխասն անկոտրում էր՝ 7-0։ Ոչ մի շանս չտվեց մրցակցին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) մրցակիցը ռուս Մագոմեդ Մուրթազալիևն էր (ռուսները և բելառուսները հանդես էին գալիս որպես «անհատ մարզիկներ»), որի հետ գոտեմարտի առաջին կեսը բավականին լարված ստացվեց։ Չնայած մրցակցին զիջած երեք միավորին՝ երկրորդ կեսում Արթուրի հնարքները նրան բերեցին վեց միավոր և Եվրոպայի յոթերորդ չեմպիոնությունը։

Աշխարհահռչակ ըմբիշ Ա․ Ալեքսանյանը ստորագրում է այն դրոշի վրա, որը քիչ առաջ իր ձեռքերում պտույտ էր գործել գորգի վրա

Մալխասի և Արթուրի ոսկե մեդալների կողքին կարող էր լինել 20-ամյա Մանվել Խաչատրյանի անունը (55 կգ), որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը։ Կիսաեզրափակչում ակտիվ գոտեմարտով աչքի ընկած Մանվելը պարտվեց մոլդովացի մրցակցին միայն վերջին զիջած միավորի պատճառով։ Հետագայում բրոնզե մեդալի համար պայքարում Մանվելը 8-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ բուլղարացի մրցակցի նկատմամբ։ Երիտասարդ ըմբիշի ողջ կարիերան դեռ առջևում է։ Վստահ ենք, որ համառ աշխատանքի դեպքում ոսկե մեդալներն իրենց երկար սպասեցնել չեն տա։

Մեր մյուս ըմբիշներից Սլավիկ Գալստյանը (67 կգ) շատ մոտ էր բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն մեկ միավորի տարբերությամբ զիջեց թուրք մարզիկին, Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) սփոփիչ գոտեմարտերում, ցավոք սրտի, ևս զիջեցին իրենց մրցակիցներին։ Մյուս քաշային կարգերում մեր տղաները պայքարը լքեցին 1/8 կամ քառորդ եզրափակիչներում։

Հատկանշական է, որ, ընդհանուր առմամբ, բոլոր քաշային կարգերում մեդալների համար պայքարը ծավալվեց հիմնականում 5-6 ազգերի ներկայացուցիչների միջև. հայ, ռուս / բելառուս, ադրբեջանցի, թուրք, ուկրաինացի, բուլղարացի ըմբիշները նվաճեցին մեդալների առյուծի բաժինը։

Բուխարեստում գտնվելու վերջին օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր պատվիրակության անդամներն այցելեցին Հայկական եկեղեցի և համայնքային կենտրոն, որտեղ ծանոթացան Ռումինիայի հայ համայնքի բազմադարյա պատմության մի շարք դրվագների։

Ազատ ոճի ըմբշամարտում նույնպես սպասելիքները մեծ էին, որոնք առաջին հերթին արդարացրեց կամ, ավելի շուտ, իր առջև դրված խնդիրը գերակատարեց Արսեն Հարությունյանը (57 կգ), որը երեք անգամ 10-0 հաշվով ջախջախելով ուկրաինացի, ադրբեջանցի և թուրք մարզիկներին՝ դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։ Ժամանակից շուտ ավարտելով բոլոր երեք գոտեմարտերը՝ Արսենը բացառիկ ցուցանիշ գրանցեց. տեսականորեն երեք գոտեմարտի համար նա գորգի վրա պետք է անցկացներ մաքուր 18 րոպե (3 x 6 րոպե), սակայն Արսենից պահանջվեց ընդամենը… 4 րոպե 19 վայրկյան Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։ Ընդգծենք, որ սրանք ոչ թե հեշտ տրված հաղթանակներ էին, այլ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը։

Այդ համառ աշխատանքի արգասիքն էր նաև Արման Անդրեասյանի (70 կգ) գրանցած արդյունքը, որի գոտեմարտերը ծայրաստիճան լարվածության մեջ էին պահում բոլորին թե՛ մարզադահլիճում, թե՛ էկրանների դիմաց։ Կիսաեզրափակչում Հունգարիան ներկայացնող ռուս ըմբիշ, աշխարհի գործող չեմպիոն Իսմայիլ Մուսուկաևի հանդեպ վերջին վայրկյաններին տարած հաղթանակը դեռ երկար կմնա նրա երկրպագուների հիշողության մեջ, իսկ եզրափակիչ գոտեմարտն այս դրամատիկ ֆիլմի տրամաբանական շարունակությունն էր։ Մարտի ավարտից 10 վայրկյան առաջ հաշիվը 3-3 էր՝ նրա մրցակից վրացի Ակակի Քեմերթելիձեի առավելությամբ։ Ավարտին վայրկյաններ էին մնում, իսկ հայ և վրացի երկրպագուներն անխնա ոգևորում էին իրենց մարզիկներին։ Լարվածությունը հասել էր գագաթնակետին, սակայն Արմանի նյարդերն ամուր գտնվեցին։ Մի քանի վայրկյանում չորս միավորանոց հնարք, և ոսկին Արմանինն է։ Մարզադահլիճի «հայկական տրիբունան» ցնծում էր։

Մրցաշարի վերջին օրը մեր խոստումնալից ըմբիշներից Մեժլում Մեժլումյանը (61 կգ) հաղթեց նախ սփոփիչ գոտեմարտում, ապա բրոնզե մեդալի համար պայքարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեց գերմանացի ըմբիշից։ Նույն հաջողությունը կարող էին կրկնել Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հայկ Պապիկյանը (74 կգ), որոնք պարտվեցին սփոփիչ գոտեմարտերում։ Վազգենն իր քաշային կարգում հաղթելու գլխավոր հավակնորդներից էր, սակայն քառորդ եզրափակչում, նաև մրցավարական անհասկանալի որոշումների պատճառով, 5-4 հաշվով պարտվեց մրցակցին։ Վստահաբար, նա դեռ իր խոսքը կասի, առաջին հերթին, այս տարվա սպորտային գլխավոր իրադարձության՝ Օլիմպիադայի ժամանակ։ Ազատոճային մյուս քաշային կարգերում մեր տղաները պայքարը լքել էին ավելի վաղ փուլերում։

Նկատենք, որ երկու ոճերում էլ մեծ թիվ էին կազմում այլ երկրներ ներկայացնող հայազգի մարզիկները։

Շնորհավորում ենք մեր մեդալակիր ըմբիշներին և ողջ մարզչական անձնակազմին ու բոլորին հաջողություն մաղթում հետագա մրցելույթներում։

Արսեն Արզումանյան
Նկարները՝ «Արարատ» խմբ․, Wrestling Armenia տելեգրամյան էջ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *