Ararat

Արցախի վերածնունդը՝ բուլղարահայության տեսլական

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page
ՀԲԸՄ – Սոֆիա

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը մարտի 28-ից ապրիլի 5-ը հովվական այցով գտնվում էր Բուլղարիայի Հանրապետությունում: Սրբազանին ուղեկցում էր Բուխարեստի հայոց ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը:

Մարտի 28-ին, եպիսկոպոսական տոնական պատարագ մատուցվեց Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում Ծաղկազարդի օրվա առիթով, կատարվեց ճյուղերի և մանուկների օրհնություն, այնուհետև Սրբազանը հանդիպեց եկեղեցական վարչության անդամներին և վարչության ատենապետ Մասիս Բագդատյանին: Վերջիններս ներկայացրին ծխական գրասենյակներում կատարված նորոգության աշխատանքները, որի շնորհիվ առավել բարեկարգ և նպաստավոր պայմաններ են ստեղծվել համայնքում հոգևոր և մշակութային ակտիվ կյանք ունենալու համար:

Մարտի 29-ին Սրբազանը մեկնեց մայրաքաղք Սոֆյա, ուր ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ ՀՀ Արտակարգ և լիզար դեսպան տիար Արմեն Եդիգարյանի հետ: Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հնարավորությունները, անդրադարձ կատարվեց պատերազմից հետո Հայրենիքում ստեղծված սոցիալական և հումանիտար խնդիրներին, խոսվեց Եկեղեցի-Դեսպանություն, Եկեղեցի-Պետություն համագործակցության մասին, կարևորվեց ակտիվ փոխգործակցությունը երկու կառույցների միջև:

Միևնույն օրը Սրբազանը հանդիպեց Սոֆիայի եկեղեցական վարչության անդամների, վարչության ատենապետ Օնիկ Փանիկյանի և հոգևոր հովիվ արժ. Տ. Գուսան քահանա Հադավյանի հետ, քննարկվեցին նոր եկեղեցու շինարարության ընթացքին և օծմանը վերաբերող հարցեր, այնուհետև Սրբազանն անձամբ այցելեց շինհրապարակ` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին և անհրաժեշտ ցուցումներ տալու համար: Աստծո կամոք և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ որոշվեց սեպտեմբեր ամսին կատարել նորակառույց եկեղեցու օծումը:

Հաջորդ օրը, մարտի 30-ին, Սրբազանն այցելեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆյայի գրասենյակ, ուր հանդիպեց միության պատվո նախագահ Սոնյա Պետրոսյանի և միության անդամ Կարինա Գևորգյանի հետ: Տիկին Պետրոսյանի կողմից ներկայացվեցին Բարեգործականի կողմից վերջին ընթացքում իրականացված ծրագրերը, ապագայում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, խոսվեց Հայաստանում ստեղծված իրավիճակի և Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման, հայոց վերածննդի և վերստին բարգավաճելու հնարավորությունների մասին:

Մարտի 30-ին Տաթև Սրբազանը հանդիպեց Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի, տեղի եկեղեցական վարչության անդամների և վարչության ատենապետ Պերճ Ջանիկյանի հետ: Քննարկվեցին եկեղեցու և համայնքից ներս ընթացող ծրագրերին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր:

Ապրիլի 1-ին Սրբազանն այցելեց Դոբրիչ քաղաք, ուր Վերջին Ընթրեաց պատարագ մատուցեց տեղի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, հավարտ որի հանդիպեց եկեղեցական վարչության ատենապետ Պողոս Մանուկյանի և վարչության անդամների հետ: Վերջիններս ներկայացրին եկեղեցում կատարված վերանորոգչական աշխատանքները, Սրբազան Հոր ցուցումով որոշվեց ստեղծել նաև թանգարան:

Հայկական եկեղեցի, Դոբրիչ

Նույն օրը կեսօրին Սրբազան Հայրը Ոտնլվայի կարգ կատարեց արդեն Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում, իսկ երեկոյան Խավարման կարգ:

Ապրիլի 2-ին, ուրբաթ օրը, Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու կատարվեցին Խաչելության և Թաղման կարգերը:

Ապրիլի 3-ին Սրբազանը մեկնեց Բուրգաս քաղաք, ուր մատուցեց Ճրագալույցի Ս. Պատարագ, հավարտ որի տրվեց Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը: Բուրգասի եկեղեցական վարչության անդամները և վարչության ատենապետ Սարգիս Կարաջյանը ներկայացրին եկեղեցում կատարված և մասնավորապես տանիքի վերանորոգության աշխատանքներն ու հետագա անելիքները:

Ապրիլի 4-ին Տաթև Սրբազանը Զատկական պատարագ մատուցեց արդեն Վառնայի հայոց եկեղեցում: Տիրոջ Հարության տոնի առիթով հրապարակվեց նաև Տաթև Սրբազանի պատգամը և քարոզը՝ ուղղված բուլղարահայությանը, ուր մասնավորապես նշվում է. ,,Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի հրաշափառ Հարության փրկարար տոնի առիթով Մեր օրհնությունն ենք հղում ձեզ և ասում. ,,Քրիստոս յարեաւ ի մեռելոց,,՝ ավետելով, որ Քրիստոսի հարությամբ տեղի ունեցավ բաղձալի հաշտեցումը Արարչի և արարածի միջև: Քրիստոս հարություն առավ և ցրվեցին Իր ամեն թշնամիները, հարությամբ խորտակվեց մահը, քավվեց մարդկային մեղքը: Հարության խորհրդով և իրողությամբ հաշտեցվեց աշխարհը Աստծո հետ և հնարավորություն տրվեց մարդուն վերագտնելու դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը: Այլևս թոթափված են խաչելության վիշտն ու տխրությունը: Բացված է դրախտը և խորտակված է դժոխքը, պարտված է մահը և հաղթանակած՝ կյանքը:

Թեև հարության տոնն այս տարի նշում ենք հայ ազգի և Մայր Հայրենիքի համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ խարխլված են հայոց պետականության հիմքերը, կորսված է Մեր պատմական Հայրենիքի մի մասը, հազարավոր ընտանիքներ դարձել են որդեկորույս ու սգակիր, այնուամենայնիվ հարության խորհրդով Մեր առջև նշմարվում է լույսի ճանապարհը և հաղթանակի հույսը:

Մեկ անգամ չէ, որ հայ ժողովուրդն անցել է խաչելության ու Գողգոթայի ճանապարհը, բայց ամեն անգամ հարություն ենք առել, վերածնվել ու վեր հառնել մոխիրներից: Հայ ժողովուրդը ցեղասպան է եղել, բայց վերապրել է, որի վկաները Մեր տարագիր նախնիների աշխարհասփյուռ սերունդներն են: Մեր ժողովուրդը պատմության ընթացքում շատ հաճախ նմանվել է Քրիստոսին: Հաճախ չարչարանաց Գողգոթա է բարձրացել, խաչակից եղել Տիրոջը, բայց միևնույն ժամանակ հաղորդակից եղել նաև փառքին և հարության հավատքով հարություն առել:

Այսօր, երբ Մենք նշում ենք Տիրոջ հարության տոնը, Մենք նշում ենք Աստծո հաղթանակը ո´չ միայն մահվան, այլև չարի նկատմամբ: Եվ այդ հաղթանակը միայն Աստծունը չէ, այլ Կատարյալ Աստծունը և Կատարյալ Մարդունը, Ով Հիսուս Քրիստոս է և Ով Իր մարդկային բնությամբ հաղթեց չարին: Մեզանից յուրաքանչյուրը, Քրիստոսի մարմնի անդամը լինելով, օրվա ավետիսով զորացած, պիտի կարողանա հաղթել չարին: Խաչելով Քրիստոսին` մարդիկ ոչ թե հաղթեցին, այլ, ընդհակառակը, պարտվեցին, քանի որ Քրիստոսի խաչելությամբ չվերացավ ճշմարտությունը կամ հավիտենական կյանքը: Մենք ամեն օր մեռնում ենք Քրիստոսի հետ և հարություն առնում Քրիստոսի հետ: Մենք այսօր նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարությունը, բայց այսօրվան հասանք Քրիստոսի խաչելության ու մահվան միջոցով:

Այսօր, առավել քան երբևէ, երբ կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, կարիք ունենք ազգովի նորոգվելու, վերափոխվելու, հարուցյալ Փրկչին Մեր կյանքից ներս ընդունելու: Աշխարհը ևս կարիք ունի կյանքի նորոգության, քանզի խախտված է ներդաշնակությունը Արարչի և արարածի, մարդու և բնության միջև: Մարդկային կյանքն արժեզրկված է, մոլորակի տարբեր անկյուններում պատերազմներ և աղետներ են, չկա կայուն խաղաղություն, արդարամտություն: Ասվածիս ապացույցը ամիսներ առաջ Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված պատերազմն էր, ուր հայ ժողովուրդը դարձյալ մաքառում էր խաղաղ ապրելու և ստեղծագործելու իր իրավունքի համար: Ցանկացած պատերազմ ապացույցն է այն բանի, որ մարդկությունը դեռևս քայլում է խավարի ճանապարհով և այս ընթացքի մեջ հրաշափառ հարության ավետիսը Մեզ լցնում է լավատեսությամբ, նոր կյանք սկսելու հնարավորությամբ ու հույսով: Քրիստոսի պարգևած փրկության շնորհներն ընդունելով, հոգով վերածնվելով Մենք պետք է գտնենք կամքն ու զորությունը կյանքը վերափոխելու, նոր էջ բանալու, լույսի ճանապարհով ընթանալու, արդի աշխարհի խնդիրներն ու հրամայականները հաղթահարելու համար:

Քրիստոսի Սուրբ Հարության լուսապայծառ տոնի այս օրը Մենք աղոթում ենք նաև Արցախյան պատերազմում զոհված Մեր նահատակների համար: Պետք է շարունակենք պայքարել արդարության և խաղաղության հաղթանակի հավատով, կորուսյալ Հայրենիքի վերադարձի հավատով, Մեր սրբությունները՝ եկեղեցիներն ու վանքերը վերադարձնելու հավատով, խավարը լույսով, մահը կյանքով, խաչելությունը հարությամբ փոխարինելու հավատով ու կամքով:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր, երբ միմյանց ողջունենք ,,Քրիստոս յարեաւ,, ավետիսով, քաջալերվենք, արթնանանք անտարբերության և անգործության թմբիրից, զորանանք և հետայսու ապրենք որպես Քրիստոսի հետ մահից վեր հառնած և հարուցյալ ժողովուրդ, Քրիստոսին իրապես ընդունող և ճանաչող ժողովուրդ:

Աղոթում ենք, որ հարուցյալ Փրկչի խաղաղությունն ու ողորմությունը և փրկարար շնորհները սփռվեն աշխարհի ու մարդկանց հոգիների վրա և պարգևեն զորություն` կառուցելու անխռով, առավել ապահով ու խաղաղ կյանք՝ Տիրոջ ներկայության ու շնորհների մեջ: Հայցում ենք, որ Տերն Իր օրհնության ներքո անվրդով ու ապահով, պայծառ ու անսասան պահպանի Հայասատան ու Արցախ աշխարհները, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, աշխարհասփյուռ հայությանը, Բուլղարիայի Հանրապետությունը, Բուլղարիայի հայոց թեմն ու բուլղարահայ համայնքը՝ պարգևելով շենացում, բարգավաճում և նորանոր ձեռքբերումներ: Փրկչի Հարության ավետիսն այսօր հրավեր է բոլորիս մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլ աներեր կամքով ջանքեր գործադրելու լուսավոր գալիքի համար: Մեր ազգի և պետականության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող ենք վճռել կյանքը վերափոխելու ձգտումով, քրիստոնեական Մեր արժեքներին հավատարմությամբ, հայրենանվեր, ազգաշահ գործերով,,:

Ապրիլի 5-ին, մեռելոցի օրը, Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում, հանդիսապետությամբ Առաջնորդական տեղապահի, կատարվեց հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգիների հանգստության և փրկության համար, ի մասնավորի աղոթք բարձրացվեց առ Աստված Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հոգիների համար:

Հովվական այցի ընթացքում բոլոր քաղաքներում եկեղեցական համայնքների և վարչությունների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ էր կատարվում Արցախյան երկրորդ պատերազմին, Հայրենիքում ստեղծված ծանր իրավիճակին և իրականացված հումանիտար ծրագրերին: Միևնույն ժամանակ բուլղարահայությունը հույս էր հայտնում և հավատում էր, որ Արցախի հարցը լուծված չէ և որ Արցախ աշխարհը պետք է շարունակի մասը կազմել Մայր Հայաստանի և Մայր Հայրենիքի: Արցախի վերածնունդը և վերամիավորումը բուլղարահայության տեսլականն է և վստահաբար յուրաքանչյուր հայորդու տեսլականն ու նպատակը: Ամենուր Սրբազանն իր խոսքում մեկ անգամ ևս կոչ էր անում դուրս գալ հուսահատական վիճակից, լարել բոլոր ուժերը և ջանք ու եռանդ չխնայել Հայրենիքի համար նոր և առավել լուսավոր ապագա կերտելու համար:

Այդ մտածումներով և Հայրենիքի վերածննդի տեսլականով էլ ապրիլի 5-ին Սրբազանը վերադարձավ Բուխարեստ, Ռումինիա:

 Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *