Ռումինիայի Հայոց Միություն

Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ) հիմնադրվել է 1919թ. հունվարի 25-ին և մեծ դեր խաղացել հատկապես Ցեղասպանությունից փրկված և Ռումինիա հասած հայերի կյանքում։ Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպությունը դադարեցրեց իր գոյությունը 1948թ.։
1989թ․ դեկտեմբերյան հեղափոխությունից շատ չանցած՝ 1990թ․ փետրվարի 8-ին, ռումինահայ համայնքի անդամները վերակազմավորեցին Ռումինիայի Հայոց Միությունը, իսկ նախագահ ընտրվեց Վարուժան Ոսկանյանը։  Կազմակերպության հիմնական նպատակը դարձավ հայկական հսկայական մշակութային ժառանգության և ազգային ոգու պահպանումը Ռումինիայում:
1990թ․ սկսած՝ ՌՀՄ-ն ներկայացված է Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում։ 1990-1996թթ. ՌՀՄ պատգամավորը Վարուժան Ոսկանյանն էր, որից հետո ՌՀՄ-ն ունեցավ երկու ներկայացուցիչ խորհրդարանում. Վ. Ոսկանյանը դարձավ սենատոր Աջ ուժերի միության կողմից, ինչպես նաև դարձավ Սենատի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահը՝ պահպանելով ՌՀՄ նախագահի պաշտոնը, իսկ ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանն ընտրվեց պատգամավոր: 2000թ. ընտրություններում, օրինակ, ՌՀՄ-ն ստացավ 21,302 քվե՝ երեք անգամ ավելի, քան 1992թ.՝ զբաղեցնելով 23-րդ տեղը ընտրություններին մասնակցող բոլոր 69 կուսակցությունների ու կազմակերպությունների միջև և 4-րդ տեղը ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների շարքում:
ՌՀՄ գործունեությունը լուսաբանում են «Արարատ» և «Նոր կյանք» պարբերականները։ Զանազան միջոցառումների շարքում նշենք ամեն տարի ամռանն անցկացվող «Հայկական փողոց» փառատոնը, որին մասնակցում են հազարավոր ռումինացիներ և տարբեր ազգային փոքրամասնություններ։
Այսօր ՌՀՄ-ն ունի 14 մասնաճյուղ:
ՌՀՄ պաշտոնական կայքն է՝ www.uniuneaarmenilor.ro :