Ararat

Բողոքի ակցիա Բուխարեստում

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page
  •  
  •  

Հոկտեմբերի 4-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի օրհնությամբ ու հանդիսապետությամբ, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցեց Պատարագ՝ ձեռամբ հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի:

Ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, համայնքի անդամներ:

Պատարագի վերջավորությանը Տաթև Սրբազանը կոչով դիմեց բոլոր ներկաներին՝ մասնավորապես ասելով. ,,Սիրելիներ, այսօր Հայաստանն ու Արցախը, Մեր Մայր Հայրենիքը կանգնած են ճակատագրական ու օրհասական դրության առջև: Դարձյալ դրված է լինելության և չլինելության հարցը: Ցեղասպան թուրքը փորձում է ավարտին հասցնել շուրջ 100 տարի առաջ սկսած ոճրագործությունը: Որևէ հաջողության չհասնելով ռազմաճակատում, ադրբեջանա-թուրքական համատեղ ուժերը հրթիռակծում են քաղաքները, խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Դարձյալ եկել է պահը համախմբվելու և մեկ միասնական ճակատ կազմելու թշնամու հրոսակախմբերի դեմ: Հայի տեսակը չի կարող վերանալ: Մենք աստվածաստեղծ ժողովուրդ ենք, հայը կանգնած է համաշխարհային քաղքակրթության ակունքներում, առանց հայի աշխարհը պիտի կորցնի իր համն ու հոտը: Այսօր Մենք պայքարում ենք Մեր ինքնության, գոյության իրավունքի, Մեր Սրբությունների պաշտպանության համար: Դյուրին չէ հայ լինելը, ինչպես երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետն էր ասում՝ հայ լինելը հերոսություն է: Այո, սիրելիներ, հերոսություն է հայ լինելը, Մենք հերոս ժողովուրդ ենք և որևէ թշնամի Մեզ չի կարող ծնկի բերել: Այսօր Արցախը, Մեր Մայր Հայրենիքը Մեր աջակցության կարիքն ունի, եկեք յուրաքանչյուրս Մեր մասնակցությունը բերենք այս սրբազան առաքելությանը: Եկեք աջակցենք Արցախին և հայոց փառապանծ բանակին՝ նաև նվիրատվություն կատարելով Հայաստան Համահայկական Հիմնադրամի հատուկ ֆոնդին, հարկ եղած պարագային մեկնենք նաև ռազմաճակատ և զենքով պաշտպանենք Մեր ազատ ապրելու իրավունքը,,:

Պատարագից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ բոլոր նահատակված հերոսների հոգիների համար:

Հոգեհանգստից հետո ներկաները հավաքվեցին Տաճարի բակում կանգնեցված Հայաստանի Ազգային հերոս Անդրանիկի և հայկական խաչքարի առջև, ուր կատարվաց Հանրապետական մաղթանք՝ ի զորակցություն Հայաստանի և Արցախի, հայոց բանակի և խաղաղության հաստատման համար:

Ռումանիոյ հայոց թեմի, Ռումինահայոց միության և հայ համայնքի համատեղ ջանքերով տեղի ունեցավ բողոքի ակցիա, ուր տեղի հայ համայնքի անդամները, երիտասարդները թուրք-ադրբեջանական ագրեսիան մերժող տարբեր պաստառներով իրենց բողոքի ձայնը բարձրացրին և ռումին հասարակության ուշադրությունը հրավիրեցին կարևոր այս խնդրի վրա:

Խոսքով հանդես եկան Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը, Վարդան Մարթայանը:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *