Երբ Դուբայը գալիս է Երևան. ֆորում, որը կարող է փոխել ձեր բիզնեսի կանոնները
Հենց Երևանի սրտում 2025թ. հուլիսի 26-ին Best Western Plus Congress Hotel-ում մեկնարկեց բիզնեսի համար նախատեսված Synergy Business & Marketing Summit Yerevan եռօրյա ծրագրի առաջին օրը։ Միջոցառումը կազմակերպել էր Synergy Business School Dubai-ը (bs-dubai.com), որի հիմնադիրներն են հայ հրաշագործ գործարար եղբայրներ Գագիկ և Գևորգ Մուրադյանները։
Ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարելի է սկսել և զարգացնել բիզնեսը Հայաստանում, ինչպես նաև այլուր, և թե այսօր ինչպիսի նոր իրողություններ են ձևավորվել մարքեթինգի ու վաճառքների ոլորտում, ինչ ռազմավարություններ են օգնում առաջ շարժվել անգամ անորոշ, քաոսային պայմաններում, ինչ ժամանակակից միտումներ են փոխում մարքեթինգային ռազմավարությունները, որոնք են վերջին տարիներին ամենաարդյունավետ գործիքները բիզնեսի առաջխաղացման համար, թե ինչ դեր ունի էմոցիոնալ մարքեթինգն ու անձնական բրենդի ստեղծումը, ինչպես են թվային գործիքներն ու արհեստական բանականությունը ներգրավում հաճախորդներին տարբեր երկրներից, և ինչ պետք է անել թե՛ մեդիայում, թե՛ բիզնես շուկայում տեսանելի լինելու համար։
Դե, իհարկե, առավոտը սկսվեց հետաքրքիր ելույթներով, ակտիվ պանելային քննարկումներով, փորձագետների և մասնակիցների միջև բաց երկխոսություններով, ինչպես նաև միջազգային նեթվորքինգի հնարավորություններով և ներշնչող մտքերի փոխանակմամբ։ Մոտիվացնող մթնոլորտում հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետները ներկայացրին նորարական ու գործնական բիզնես գաղափարներ, իսկ անակնկալ նվերներն օգտակար միջոցառումը համեմեցին համագործակցության ոգեշնչմամբ։
«Սա ուղղակի ֆորում չէ, այլ երեք օր, որոնք կարող են փոխել բիզնեսի և, առհասարակ, մարքեթինգի զարգացման հանդեպ ձեր մոտեցումը», — նշեցին կազմակերպիչները։
Ֆորումը Հայաստանի եռօրյա բիզնես ճանապարհորդության առաջին քայլն էր՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Երևանը դառնում է նոր կամուրջ Դուբայի և միջազգային բիզնեսի միջև։
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ



