Հարցազրույց | Ջութակահարուհի Ասյա Անիսիմովան՝ ամերիկյան երազանքի որոնման ճանապարհին
Երբ գնում ես նոր վայր, պետք է համառորեն առաջ շարժվես: Դժվարությունները դասեր են: Դրանք մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում: Եվ երբ կարողանում ես փայլել գորշ երանգների մեջ, ինչպես բացվող ծաղիկ, մարդիկ սկսում են լսել քեզ, գնահատել կարծիքդ, և դառնում ես կարևոր երաժիշտ այդ վայրում:
«Արարատ» ամսագիրը ներկայացնում է բացառիկ հարցազրույց ջութակահարուհի Ասյա Անիսիմովայի հետ:
–Տեղափոխվել ես Միացյալ Նահանգներ: Ի՞նչ նորություն կարող ես պատմել մասնագիտությանդ և երաժշտական կարիերայի ճանապարհի մասին:
-2023 թ. սկսած՝ իմ կյանքը բավականին փոխվել է: Կյանքի ճանապարհն ինձ բերեց Միացյալ Նահանգներ, մի վայր, որտեղ երբեք չգիտես, թե ինչ է սպասվում: Չայկովսկու անվան մասնագիտական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո բնական ճանապարհն էր շարունակել ուսումը Կոնսերվատորիայում ապագա մասնագիտական հաջողության համար: Սակայն այստեղ տեղափոխվելով՝ ամեն ինչ փոխվեց: Իրականությունը շատ ավելի դժվար էր, քան ես պատկերացնում էի: Մասնագիտական, գաղափարների ճանապարհին հանդիպեցի բազմաթիվ խոչընդոտների, իսկ կարիերայի և մասնագիտական ընթացքը փորձության մեջ էին: Զրոյից սկսելը նոր միջավայրում, նոր լեզվով, նոր մշակույթում և նոր կյանքի տեմպով, չափազանց բարդ էր: Կային պահեր, երբ ինձ կորած էի զգում այս մեծ աշխարհում, բայց հասկացա, որ միակ տարբերակն առաջ գնալն է: Ընտրեցի դժվարությունները քայլ առ քայլ հաղթահարելու ճանապարհը և շարունակել, անկախ նրանից՝ որքան դժվար էր:
Շատ դժվարություններ հաղթահարելուց հետո վերջապես գտա իմ տեղը այս երկրում, քանի որ շատ բարդ է գտնել քեզ նոր վայրում, որտեղ քեզ ոչ ոք չի ճանաչում: Միացյալ Նահանգներում կանոնների և օրենքների համակարգը, ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ կրթության ոլորտում, իսկապես բարդ և խրթին է: Երկու ամբողջ տարի պահանջվեց դրանք հասկանալու և սովորելու համար: Ապրելով այստեղ, իրականում շատ դժվար է հասկանալ և առաջ շարժվել ընդամենը երկու տարվա ընթացքում:
–Եվ ի՞նչ հաջողություններ ունեցար այս տարիների ընթացքում:
-Այս ընթացքում փորձեցի ադապտացվել և առաջին մեծ հաջողություններից մեկը Chapman University ընդունվելն էր, որը Կալիֆորնիայի լավագույն մասնավոր համալսարաններից մեկն է: Ընդունվեցի նաև նվագախումբ, որը շատ ուժեղ էր, մասնակիցների մեծ թվով, իսկ մեր դիրիժորը գերազանց պրոֆեսոր էր, որը փորձում էր բացատրել և օգնել մեզ բոլոր հարցերում: Ծրագրերը շատ բարդ էին և մենք կատարեցինք բազմաթիվ համերգներ բազմազան և դժվար ռեպերտուարով: Chapman-ում ոչ միայն դասական, բարդ ստեղծագործություններ կատարեցինք, այլև մասնակցեցինք ստեղծագործական նախագծերին, համագործակցեցինք երգչախմբերի, պարային խմբերի հետ և նույնիսկ աշխատեցինք Star Wars ֆիլմի վրա, որտեղ նվագախումբը կենդանի կատարեց ամբողջ երաժշտական շարքը: Իմ համար սա մեծ մասնագիտական հաջողություն էր:
Բացի այդ, երկու տարվա ընթացքում մասնակցեցի երկու միջազգային մրցույթների: Առաջինը Charleston International Music Competition, որտեղ ստացա առաջին մրցանակ և ոսկե մեդալ: Երկրորդը՝ American Music Awards, որտեղ ստացա հատուկ մրցանակ: Այդ մրցույթները շատ դռներ բացեցին ինձ համար, քանի որ որքան շատ մրցույթների ես մասնակցում, այնքան հայտնի ես դառնում, և քո լսարանը մեծանում է:
Մեկ այլ կարևոր ձեռքբերում էր Օհայո նահանգի Cleveland Institute of Music ընդունվելն էր, աշխարհի ամենահայտնի երաժշտական հաստատություններից մեկը, որը թոփ 10-ում է: Սակայն նահանգների հեռավորության պատճառով ստիպված էի ընդունել դժվար որոշում՝ հրաժարվել այդտեղից, նույնիսկ ընդունվելուց հետո: Ընտրեցի մնալ այնտեղ, որտեղ արդեն կառուցել էի իմ կյանքը: Զրոյից սկսելը մեկ այլ վայրում մեծ ռիսկ է: Շատ ժամանակ զղջում էի այդ որոշման համար, բայց հետո հասկացա, որ զարգացում կարելի է ունենալ ամենուր, որտեղ դու հիմք ես դնում:
Մեկ այլ մեծ ձեռքբերում էր ինձ որպես ուսուցչի բացահայտելը: Հասկացա, որ դա իմ ամենամեծ երազանքներից մեկն է՝ կիսել տարիների ընթացքում կուտակած գիտելիքներն ու փորձը այլ երաժիշտների հետ՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ: Արդյունքում ընդունվեցի Burbank Music Center և Viola Music School, որտեղ այժմ երեխաներին դասավանդում եմ սոլֆեջիո և ջութակ: Դա ինձ մեծ ուրախություն է պարգևում. տարիներ շարունակ ուսում, աշխատանք և փորձ հավաքելուց հետո դրանք փոխանցել երեխաներին ներդաշնակ ձևով, տեսնել նրանց առաջին քայլերը և զգալ, որ կարող ես նույնիսկ փոքր չափով նպաստել նրանց երաժշտական և մասնագիտական զարգացմանը, բացառիկ զգացություն է: Ուսուցումը դարձել է իմ իսկական հաջողությունը:
–Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հաջողություն ունի խոչընդոտներ կամ դժվար պահեր, որոնք այլոք չեն տեսնում: Ի՞նչ կասես փորձառությունների մասին:
-Խոչընդոտներ միշտ կան: Չեմ վախենում ասել, որ դրանք իրական և անխուսափելի են: Յուրաքանչյուր ոլորտում շատ անձնական մարտահրավերներ կան, որովհետև ոչ մի մասնագիտություն հեշտ կամ ուղիղ ճանապարհ չունի: Հանդիպում են խնդիրներ, դժվարություններ մարդկանց հետ և կյանքային իրավիճակներ, որոնք կարող են շեղել կամ կանգնեցնել քո ուղին: Իմ կյանքի ռազմավարությունը պարզ է՝ պետք է հասկանալ, որ հատկապես ԱՄՆ-ում դասական երաժշտության մակարդակը այնքան էլ բարձր չէ, որքան կարծում են: Ինձ համար մեծ մարտահրավեր եղել է տեղային երաժշտական միջավայրին ադապտացվելը: Այստեղ իրականում կինոինդուստրիան է զարգացած, և ինձ համար դժվար էր ի ցույց դնել իմ մասնագիտական մակարդակը, որն ունեի մինչ ԱՄՆ գալը: Դժվար էր, որովհետև միշտ փորձել եմ առաջ շարժվել, աճել իմ ոլորտում, և բարդ էր հասկանալ՝ որն էր հաջորդ քայլս:
Խոչընդոտներն իրականում դասեր են: Դրանք դարձնում են կյանքն ավելի հետաքրքիր: Եվ երբ կարողանում ես փայլել գորշ երանգների մեջ, ինչպես բացվող ծաղիկ, մարդիկ սկսում են լսել քեզ, գնահատել կարծիքդ և դառնում ես կարևոր երաժիշտ այդ վայրում: Լեզուն մեկ այլ խոչընդոտ է: Նույնիսկ եթե գիտես անգլերեն, դու դեռ զգում ես քեզ օտար: Այլ կերպ մտածելը և խոսելը, ոչ տեղացիների պես, բարդացնում է աշխատանքդ: Պետք է ինտեգրվել այստեղի համակարգում՝ առանց կորցնելու քո հայկական ինքնությունը:
–Շատ հայեր, որոնք տեղափոխվում են ԱՄՆ, բողոքում են հայ համայնքից: Ոմանք ասում են, որ նախանձը կամ վախը խանգարում են օգնել նոր եկածներին: Դա առասպե՞լ է, թե՞ իրականություն:
-Հայկական համայնքը մեծ է այստեղ, հայերը շատ են: Բայց մի պահ պետք է դուրս գաս այդ շրջանակից, որովհետև ԱՄՆ-ն մեծ հնարավորություններ է տալիս, իսկապես հնարավորությունների երկիր է: Այստեղ կարող ես աճել, դռներ բացվեն, և շարունակ աշխատելով կարող ես հասնել ցանկացած նպատակի, ստանալով «թևեր»՝ թռչելու համար այնտեղ, որտեղ ուզում է սիրտդ:
Պետք է հպարտ լինես քո հայկական ինքնությամբ, բայց չպետք է միայն հայկական համայնքին հենվես: Շատերը մնում են միայն հայկական շրջանակներում, և փաստորեն տեղափոխվում են Հայաստանից «մեծ Հայաստան», որը սխալ եմ համարում, քանի որ այլ հնարավորություններ, վայրեր և նոր կապեր են կորցնում: Հայերի հետ շփվելը, բայց միևնույն ժամանակ ուրիշ միջավայրերի համար բաց լինելը կարող է ընդլայնել կապերի ցանցդ և կառուցել սեփական ճանապարհը հաջողության համար:
–Ո՞ր նահանգներում ես եղել ԱՄՆ–ում և ո՞րն ավելի գրավեց քեզ:
-Օհայո, Նյու Յորք, Չիկագո, Լաս Վեգաս: Ամենաշատն ինձ գրավեցին Նյու Յորքն ու Չիկագոն: Նյու Յորքը միշտ իմ երազանքն էր, հատկապես Ամանորին: Ինձ զգացի ինչպես ֆիլմի հերոս: Չիկագոն տպավորեց իր բնական և եվրոպական ճարտարապետության համադրությամբ: Այն ակտիվ քաղաք է, որտեղ հանգստությունն ու դինամիկան հրաշալի համակեցվում են, ինչն ինձ շատ դուր եկավ, քանի որ ես ակտիվ մարդ եմ: Հույս ունեմ բացահայտել նաև Բոստոնը: Ճանապարհորդությունը զարգացնում է ինտելեկտը և աշխարհայացքը, ցույց է տալիս բազմաթիվ հնարավորություններ, որոնց մասին չգիտեիր:
–Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչ վաճառել և գնալ ԱՄՆ՝ նույնիսկ ռիսկային կամ ոչ օրինական ճանապարհներով: Ի՞նչ խորհուրդ կտաս: Արդյո՞ք դա վտանգավոր է, թե՞ կարող են առանց պլանավորման գնալ:
-Վաճառել ամեն ինչ և գալ ԱՄՆ, երբեմն նույնիսկ ոչ օրինական ճանապարհներով, շատ ռիսկային է, հատկապես այսօր: Դա առասպել է, որ այստեղ հեշտ է: Կյանքը սկսում ես զրոյից, դու միայնակ ես և պետք է ամեն ինչ անես միայնակ: Շատերը հիասթափվում են և վերադառնում Հայաստան: Նախքան այդ քայլին դիմելը պետք է վստահ լինես, որ կարող ես հաղթահարել բոլոր դժվարությունները: Անընդհատ սովորես և զարգանաս, որովհետև ոչ ոք չի օգնելու քեզ: Այստեղ հաջողում է միայն նա, ով շարունակաբար աճում է, սովորում, պայքարում և առաջ շարժվում: ԱՄՆ–ում, օրինակ՝ նույնիսկ 30–40 տարեկան մարդիկ սովորում են երիտասարդ ուսանողների հետ: Այս երկիրը հնարավորություն է տալիս սովորել ցանկացած տարիքում:
Հիասթափություններ հաստատ կլինեն, բայց հենց դրանց ֆոնին կտեսնես քո լույսը: Այստեղ հասնելիս համառորեն պետք է առաջ գնաս, այն էլ ոչ միայն մեկ–երկու տարի: 2–3 տարի անց շարունակական աշխատանքի շնորհիվ, համբերությամբ և քայլ առ քայլ առաջ շարժվելուց հետո կգտնես քո տեղը: Երբ չկախվես ուրիշների կարծիքից և չկառչես նախանձից, կհաջողես: Այստեղ երեխաներին փոքր տարիքից սովորեցնում են անկախ անձնավորություն, անհատ դառնալ, որոնք կարող են ինքնուրույն առաջ շարժվել: Երբ նպատակներ ունես, մնում է միայն հավատալ, առաջ գնալ և իրականացնել երազանքները:
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ
