Տարոլոգ Գրիշա Սևյան․ «Աստված նման է համացանցի, իսկ կրոնները՝ տարբեր մատակարարների: Դու ընտրություն ունես, թե որ մատակարարի միջոցով շփվել Բարձրյալի հետ»
Տարոլոգիան և հոգեբանությունը
Տարոյի մասին պատմությունները կարող են տարբեր լինել: Շատ աղբյուրների համաձայն, տարոն խաղաքարտերի կապուկի տեսակ է, որը սկսվել է օգտագործվել 14-րդ դարի կեսերից Եվրոպայի տարբեր մասերում՝ Իտալիայում որպես խաղ և ոչ թե գուշակության կամ հոգևոր գործիք: Տարո քարտերը սկզբում չեն ունեցել որևէ կրոնական կամ էզոթերիկ նշանակություն: Այն ավելի շուտ կապել են հնագույն եգիպտական կրոնների կամ աստված Թոթի հետ (հին եգիպտական իմաստության, գիտությունների, Լուսնի աստված), գաղափար, որն ռաջին անգամ առաջարկել է ֆրանսիացի պատմիչ Անտուան Կուրտ դե Ժեբելեն, բայց նրա տեսությունն այդ մասին պատմական փաստերով չի հաստատվել: Ավելի ուշ տարոյին վերագրել են որոշակի էզոթերիկ և կրոնական մեկնաբանություններ՝ համարելով այն խորհրդանշական և միստիկ մեկնաբանության մշակույթ:
18-րդ դարից հետո ֆրանսիացի էզոթերիկ Էթեյյան առաջինը աշխատանքային տրամաբանություն առաջարկեց տարոյին՝ դիտարկելով որպես նշանակությունների համակարգ և կապելով այն աստղաբանության ու տարրերի հետ, ինչն ավելի ուշ հանգեցրեց դրա գուշակության ավելի խոր գործածմանը: Տարոյի հոգեկան/հոգեբանական և խորհրդանշական նկատառումները հետագայում զարգացան հատկապես 20-րդ դարում, երբ որոշ հոգեբաններ, հատկապես Կարլ Գ. Յունգը, սկսեցին դիտարկել քարտերի պատկերները որպես հավաքական անգիտակցության՝ «առարկայական պատկերման/արխետիպերի» (archetypes) պատկերումներ, որոնք արտացոլում են անհատի ինքնության, անձնային և ներհոգեկան գործընթացների մասին՝ այն դուրս բերելով ավելի ալեգորիկ և խորհրդանշային հարթություն: Տվյալ մոտեցումը տարոն դարձնում է ոչ միայն որպես կանխատեսման, գուշակության գործիք, այլև հոգեկան աշխարհի, ինքնագիտակցության արտացոլանքը խորհրդանիշների միջոցով:
–Մեր տեսահարցազրույցում նշել էիք, որ ձեր առցանց հաղորդմանը մեկ հոգեբան չցանկացավ մասնակցել՝ պատճառաբանելով, որ տարոլոգներն ու հոգեբանները չեն կարող միասին որևէ քննարկում ունենալ: Ի դեպ, այսօր ևս շատ դասական հոգեբաններ նույն կարծիքի են: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդպես: Եվ եթե մի օր լինի հոգեբան, որը պատրաստ կլինի ձեզ հետ երկխոսել, պատրա՞ստ եք դիմակայել քննադատական, սուր կամ հոռետես տեսակետներին: Ի՞նչ ապացուցողական, ձեր կյանքում ունեցած փորձով կարող եք հակառակը համոզել, որ տարոլոգիան ևս իր տեղն ունի և այն հետամնացություն չէ, ինչպես շատերն են կարծում:
-Ես լիովին հանդուրժող եմ տարբեր տեսակետների նկատմամբ, քանի որ աշխարհը չափազանց ձանձրալի կլիներ, եթե բոլորը մտածեին միևնույն կերպ։ Շարունակելով այդ միտքը՝ ուզում եմ նշել, որ նույն կերպ աշխարհում գոյություն ունեն մարդուն օգնելու բազմաթիվ մեթոդներ, գործիքներ և մոտեցումներ: Եվ հաշվի առնելով այն, որ մարդիկ իրենց հոգեբանական կառուցվածքով շատ բազմազան են, միանգամայն նորմալ է, որ այս կամ այն գործիքը բոլորին չի կարող հարմար լինել։ Այդ իսկ պատճառով, եթե ինձ ընձեռվեր հնարավորություն այս թեմայով քննարկում ունենալ հոգեբանի հետ, կպաշտպանեի էզոթերիկայի գոյության իրավունքը, սակայն հաստատ չէի պնդի, որ այն ավելի լավն է կամ ճիշտ է հոգեբանությունից: Անգամ ինձ թույլ չէի տա համոզել, որ վերջինը առաջինից վատն է։ Բանն այն է, որ երբեք չեմ մրցել հոգեբանների հետ, նույնիսկ հակառակը՝ միշտ կարծում եմ, որ երկու կողմերը կարող են օգտակար լինել միմյանց։ Իրականում, երբ իմ հաղորդմանը հրավիրում էի հոգեբանի, իմ նպատակը հենց այդ միտքը փոխանցելն էր, և հույս ունեի շատ հետաքրքիր ու խորքային զրույց ունենալ մարդկային հոգեկան աշխարհի նրբությունների մասին։ Նրա հրաժարվելու պատճառաբանությունն ինձ շատ զարմացրեց։
–Նշել էիք, որ տարոլոգները չեն կարող վնաս հասցնել այլոց ճակատագրին, նաև իրենց իսկ ճակատագրին՝ կանխագուշակելով անցյալ, ներկան ու ապագան: Օրինակ՝ նման դեպք եղել է և մեծ կասկածներ ունեմ, որ թե՛ դիմացիններին կողմորոշելով, նաև իրենց ապագան կանխորոշելով, կամա թե ակամա, հանարվոր է սխալ ուղով տանել նրանց կամ պարզապես դիմացինների բացասական էներգիան վերցնել՝ այդկերպ ազդելով կարմայի վրա:
-Իրականում ինձ դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին, քանի որ տարոյով ակտիվորեն զբաղվելիս ես ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ այս ոլորտում, և նման ազդեցության մասին իսկապես առաջին անգամ եմ լսում։ Ենթադրում եմ, որ այդ մասնավոր դեպքում ուղղակի հանգամանքների պատահական համընկնում է եղել։ Այնուամենայնիվ, երբ սկսում եմ աշխատել տարոյով, միշտ մտովի դիմում եմ բարձր ուժերին՝ օրհնության համար, մտադրություն եմ դնում, որպեսզի հաճախորդի համար օգտակար լինի լսած տեղեկատվությունը, նաև արտաբերում եմ, որ որևէ բացասական բան ոչ մի դեպքում չվերադառնա ինձ տվյալ մարդու էներգետիկ դաշտից։ Կարծում եմ՝նման փոքրիկ արարողությունը շատ օգտակար է անձնական էներգետիկ հիգիենայի համար այսպիսի աշխատանքի ընթացքում: Ուստի այն խորհուրդ եմ տալիս բոլոր պրակտիկաներին։
–Արդյո՞ք տարոլոգիան, էզոթերիկան, աստղաբանությունը չեն հակասում եկեղեցուն և Աստծուն: Օրինակ՝ շատ քրիստոնյա հայեր վստահ են, որ նման պրակտիկաներով չպետք է զբաղվել կամ օգտվել նման ծառայություններից, քանի որ դրանք դեմ են աստծուն: Դուք հավատո՞ւմ եք Աստծուն: Եթե այո, ինչպե՞ս որոշեցիք զուգահեռաբար և՛ հավատալ , և՛ տարոլոգ լինել:
-Ես չեմ կասկածում, որ Աստված գոյություն ունի։ Ամեն ինչ ունի սկիզբ, այս աշխարհում ամեն ինչ ինչ-որ մեկի կողմից է ստեղծվում, հետևաբար նաև մեզ շրջապատող աշխարհը մի ժամանակ ինչ-որ մեկի կողմից նախագծվել է։ Այլ հարց է, որ ես ընդհանուր առմամբ շատ հակասական հարաբերություններ ունեմ կրոնների հանդեպ, քանի որ դրանք շատ ու զանազան են, գաղափարախոսությունները ևս տարբեր են, և դրանց հետևորդներից յուրաքանչյուրը սրբորեն հավատում է, որ հենց իր կրոնն է միակ ճշմարիտը։ Ինձ համար Աստված նման է ինտերնետի, իսկ կրոնները՝ տարբեր մատակարարների․ համապատասխանաբար դու ընտրություն ունես, թե որ մատակարարի միջոցով շփվել Բարձրեալի հետ։ Այդ իմաստով ինձ, օրինակ՝ մոտ է հեթանոսությունը, իսկ ավելի կոնկրետ՝ վիկկանությունը (Վիկկան արևմտյան նորհեթանոսական կրոն է, որի հիմքում ընկած է բնության պաշտամունքը)։ Այդ կրոնի էությունը հիմնված է մեկ գլխավոր սկզբունքի վրա՝ դու ազատ ես անել ամեն ինչ, եթե դա չի վնասում մեկ այլ մարդու։ Մանկուց եմ առաջնորդվում այս սկզբունքով և այդ պատճառով ինձ շատ հարմար է գոյություն ունենալ այդ փիլիսոփայության շրջանակներում։ Վիկկանությունը ողջունում է մոգությունն ու էզոթերիկ պրակտիկաները, եթե դրանք ուղղված են ուրիշին օգնելուն, այդ թվում նաև այն պատճառով, որ դա սեփական մեջ աստվածային սկիզբը բացահայտելու միջոց է։ Ինձ համար Աստծո հանդեպ հավատը և տարոյի հետ աշխատանքը միմյանց չեն հակասում։ Քրիստոնյաները կարող են այլ կերպ մտածել, և նրանք ճիշտ կլինեն, եթե իսկապես պահպանում են բոլոր աստվածաշնչյան պատվիրաններն ու ապրում են իրենց էգրեգորի սկզբունքներով (էգրեգոր եզրը կիրառվում է մետաֆիզիկական, էզոտերիկ և հոգևոր ուսմունքներում՝ նշելու հավաքական մտքերի, զգացմունքների և մտադրությունների ձևավորած էներգետիկ դաշտ կամ հոգևոր էություն)։
Խնդրում եմ ձեր ցանկություններն ուղղել մեր ամսագրի ընթերցողներին 2026թ. համար: Ի՞նչ արժի անել կամ ի՞նչ քայլեր, որոշումներ, մտածելակերպ որդեգրեն հայ հասարակությունը և առհասարակ մարդիկ, որպեսզի ավելի ներդաշնակ լինեն, եթե իհարկե ներդաշնակությունը իրականություն է որպես պարտադիր պայման: Գուցե ընդամենը պետք է յուրաքանչյուրն իր ուղին ընտրի կյանքի տարբեր ժամանակահատվածներում, որպեսզի երջանիկ պահեր շատ լինեն:
Նոր տարում կցանկանայի բոլոր մարդկանց մաղթել ներդաշնակություն ձեռք բերել կյանքի բոլոր կարևոր ոլորտներում։ Ես չէ, որ պետք է ասեմ՝ ով ինչ անի: Յուրաքանչյուրն ունի իր ընտրությունը, սակայն կուզենայի, որպեսզի նրանց բոլոր գործողություններում լիներ ավելի շատ գիտակցվածություն և անձնական պատասխանատվություն: Այդ դեպքում երբեք կարիք չի լինի մեղավորներ փնտրել սեփական անհաջողությունների մեջ, և դժվարությունները հաղթահարելն էլ շատ ավելի հեշտ կլինի։ Ավաղ, հայերը հաճախ սիրում են ապրել՝ հետ նայելով, թե ինչ կմտածեն իրենց մասին շրջապատի մարդիկ։ Դա վատ չէ, քանի որ իրականում մենք անբաժանելի ենք հասարակությունից, բայց կարևոր է միաժամանակ չխլացնել սեփական ներքին ձայնը։ Հենց այդ պատճառով կցանկանայի յուրաքանչյուրին խորհուրդ տալ ակտիվորեն զբաղվել ինքնաճանաչմամբ, քանի որ դա թույլ կտա բացահայտել, թե որքա՜ն հարուստ ու հետաքրքիր է մեր ներաշխարհը։
Ելենա Չոբանյան
Լրագրող-հեղինակ, ռադիոհաղորդավար

