Elena Chobanyan

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱՆԻ ԻՆԺԻՂՈՒԼՅԱՆ․ «ՄԵԶ ՄՈՏ ԿԱ ՈՉ ԹԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱԶԴԵՑԻԿ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ»

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Լուսանկարչությունը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ որպես լույսի միջոցով պատկերները մշտապես պահպանելու փորձ։ Ըստ որոշ աղբյուրների՝ առաջին մշտական լուսանկարը ստեղծվել է 1826–1827թթ. ֆրանսիացի գյուտարար Ժոզեֆ Նիեսֆոր Նիեպսի կողմից։ Նրա աշխատանքի հիման վրա 1839թ. Լուի Դագերը ներկայացրել է դագերոտիպը (դագերոտիպը լուսանկարչական պատկեր ստանալու առաջին ձևերից մեկն է: Այն լուսաքիմիկատներով պատված թիթեղի թերթ էր, որը երևակվում էր անմիջապես տեսախցիկում), ինչը համարվում է լուսանկարչության պաշտոնական ծնունդը։ Այնուհետև, լուսանկարչությունն արագ տարածվում է աշխարհում՝ դառնալով թե՛ գիտական, թե՛ գեղարվեստական կարևոր ոլորտ։

Հայերը ևս մեծ դեր են ունեցել լուսանկարչության զարգացման և տարածման գործում: Նրանք հաճախ եղել են քիմիկներ, ոսկերիչներ և դեղագործներ: Դրա շնորհիվ շատերն են տիրապետել լուսանկարչության համար պահանջվող հմտություններին: 19-րդ դարավերջին Կոստանդնուպոլսում գործող հիմնական ստուդիաների մի մասը պատկանել են հայկական ծագումով լուսանկարիչներին:  Ամենահայտնի օրինակներից են՝ Աբդուլլահ եղբայրները (Վիգեն, Հովսեփ և Գևորգ Աբդուլլահյաններ), ովքեր 1858թ. Կոստանդնուպոլսում հիմնեցին լուսանկարչական ստուդիա և դարձան Օսմանյան սուլթանի պաշտոնական լուսանկարիչներ։ Հայ լուսանկարիչները կարևոր դեր են խաղացել նաև Կովկասում և Մերձավոր Արևելքում, իսկ Հայաստանում արհեստավարժ լուսանկարչությունը զարգացել է արդեն 19-րդ դարի երկրորդ կեսից՝ նպաստելով պատմական և մշակութային ժառանգության պահպանմանը։

Անի ջան, այսօր հայ լուսանկարիչ լինելն ի՞նչ է նշանակում։ Արդյո՞ք գոյություն ունի հայկական լուսանկարչության սեփական ոճ, ԴՆԹ:

– Կարծում եմ, որ հայկական լուսանկարչության ոճ իհարկե գոյություն ունի, բայց ոչ գրքային, այլ զգացողության մակարդակով: Ինչի մասին էլ լինի հայկական լուսանկարչությունը՝ հարսանիքի, թե՛ մանկության, պատերազմի, թե՛ խաղաղության, միևնույն է հիմքում պետք է ընկած լինի ճշմարտությունը և խորությունը: Լինել հայ լուսանկարիչ առաջին հերթին նշանակում է լինել ստեղծող, բայց միաժամանակ նաև պատմող և վկայող այլոց պատմությունների մասին: Եվ խոսքը, բնավ, գեղեցիկ կադրի մասին չէ, այլ պատկերի միջոցով մշակույթի, հիշողության փոխանցման: Այն հայ մարդու, այդ մարդկանց ընտանիքների առօրյայի մասին, որը կարող է լինել և՛ուրախության, և՛ տխրության մասին, նաև ցավի: Հայ լուսանկարիչը պետք է ունակ լինի ամեն տեղ տեսնելու լույսը, նույնիսկ լռության մեջ: Նա միաժամանակ պետք է լինի շատ անկեղծ և, ամենակարևորը, չկտրվի իր արմատներից, նույնիսկ եթե ստեղծագործում է ժամանակակից ոճում:

Քանի դեռ նշեցիք անկեղծության մասին, լուսանկարչությունը Հայաստանում արվե՞ստ է, թե՞ ապրելու կամ բիզնեսի միջոց։ Իրո՞ք հնարավոր է այդ մասնագիտությամբ արժանապատիվ եկամուտ ունենալ։

– Այո, Հայաստանում հնարավոր է արժանապատիվ եկամուտ ապահովել լուսանկարչությամբ, եթե ունես աշխատանքի կառուցման ճիշտ մեթոդներ: Իսկ դա կախված է կատարված աշխատանքի որակից և ճիշտ մարքեթինգային քայլերից: Մեր երկրում լուսանկարչությունը միաժամանակ և՛ արվեստ է, և՛ ապրելու միջոց, և՛ բիզնես: Մեկը մյուսին չեն հակասում, այլ փոխլրացնում են: Այն արվեստ է, երբ լուսանկարիչն ունի ասելիք, ստեղծում է հեղինակային ոճ, կադրում ցուցադրում է զգացում, էմոցիա, այլ ոչ միայն պատվեր կատարում: Շատերի համար լուսանկարչությունը հենց ապրելու միջոց է, ու դա բնավ վատ չէ: Իսկ լավագույն լուսանկարիչներն այդ երեքը հավասարակշռում են:

Զգո՞ւմ եք ավանդական մշակույթի ճնշումը լուսանկարչության բնագավառի վրա: Եվ այն ինչպե՞ս է ազդում ձեր ստեղծագործական որոշումների վրա։

– Այո, չնշում չլինել չի կարող: Այն սահմանափակում է լուսանկարչին և երբեմն ծառայում է որպես հենարան: Սահմանափակում է, քանի որ ունի շատ կարծրատիպեր և միշտ հայ լուսանկարիչներից կան սպասելիքներ: Օրինակ՝ որ հայկականը պետք է լինի տարազի մասին, եկեղեցու կամ Արարատի: Այդ ամենը սահմանափակում է լուսանկարչին, նրա անկեղծությանը: Մշակույթն ինքն իրենով չի ճնշում: Ճնշում է, երբ դառնում է պարտադրանք: Իմ ստեղծագործական աշխատանքներում փորձում եմ գտնել ոսկե միջինը և շատ չճնվել, ոչ էլ շատ կտրվել մեր արմատներից:

Հայաստանում կա՞ լուսանկարչության վրա տարածվող պաշտոնական կամ լուռ գրաքննություն, կամ ասենք խստության որոշակի տարրեր։ Եղե՞լ են թեմաներ, որոնց ձեզ խորհուրդ չեն տվել դիպչել լուսանկարչության միջոցով, կամ պարզապես դուք չեք ցանկացել նկարել ինչինչ պատճառներով։

– Մեզ մոտ կա ոչ թե պաշտոնական գրաքննություն, այլ շատ ավելի ազդեցիկ սոցիալական գրաքննություն: Չունենք պաշտոնական, քանի որ մեր երկրում խոսքի և մտքի ազատություն է, բայց անխուսափելի է սոցիալական գրաքննությունը: Երբ կատարված աշխատանքիդ միշտ կա արձագանք՝ «ամոթ է», «հայկական չէ», «մեզ հարիր չէ», «մեզ վատ է ներկայացնում», ինչն էլ ամենաճնշողն է:

Համաձայն եմ, նաև ամենօրյա կյանքում: Շնորհակալությո՛ւն ձեր ստեղծագործական աշխատանքի և թանկագին ժամանակի համար:

https://www.instagram.com/photographer_ani_injighulyan

Ելենա Չոբանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *