ՅԱՇԻ ՀԱՅԵՐԸ / Կարակաշի դպրոցը և «Ազգասիրաց» ընկերակցությունը
«Հայկազյան» վարժարանում հայերեն, ռումիներեն և ֆրանսերեն դասավանդող Կրիստեա Կարակաշը (Խաչերես Կարակաշյան, 1827-1892) 1866թ. Յաշի իր տունը դարձնում է տղաների գիշերօթիկ դպրոց՝ տարրական դասարաններով, որը կրում է իր անունը։ Կարճ ժամանակում այդ մասնավոր հաստատությունը մեծ համբավ է ձեռք բերում և դառնում Մոլդովայի ամենահայտնի դպրոցներից մեկը։ Դպրոցի շրջանավարտներից մեկը նշում է, որ այդ ժամանակ Յաշում չկար տարրական դասարաններով որևէ մեկ այլ դպրոց, որը մրցակցեր Կարակաշի դպրոցի հետ։ Այնտեղ աշակերտները չորս լեզու էին սովորում՝ ռումիներեն, հայերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Դպրոցի կանոնադրությամբ նախատեսվում էր, որ դասերի ընթացքում աշակերտները որոշ օրեր խոսեն միայն ֆրանսերեն, որոշ օր էլ՝ միայն գերմաներեն, իսկ առավոտյան աղոթքը մեկ օր ռումիներեն էր, մեկ օր՝ հայերեն։ Սկզբում Կ. Կարակաշի գիշերօթիկը գտնվում էր Հայկական փողոցի վրա, սակայն ժամանակի ընթացքում այն սկսում է չբավարարել փոքր լինելու պատճառով, և հիմնադիրը 1870թ. երկհարկանի ընդարձակ մի տուն է գնում։ Այս դպրոցի մասին «Հայկազյան» վարժարանում Կ. Կարակաշյանի գործընկեր ուսուցիչ Լ. Սրմաքաշյանը գրում է.
«Այլ եւ այլ քաղաքներէ եւ ամէն ազգէ եւս ծնողք կուգային վստահութեամբ յանձնել իրենց զաւակները Գարագաշեանի լաւ դաստիարակութեանը, իսկ խնդիրները այնպիսի բազմութեամբ կը դիզուէին որ կարող չէր ամենն ալ ընդունիլ եւ ծնողաց թախանձանաց պատասխանել։ Յայտնի է, որ այսպիսի նպաստաւոր պարագայից մէջ հարստութիւնն ալ կը դիզուի առատապէս։ Ուստի բազմաշխատ Գարագաշեանը բաւական հարստութեան տէր ալ եղաւ գիտնական աշխատանքով»։
Այս բացառիկ վարժարանում իրենց նախնական կրթությունն են ստացել Մոլդովայի գրեթե ամբողջ ընտրանի դասի տարբեր ազգերի ներկայացուցիչ զավակները, որոնցից էին հետագայում Յաշի բանկի նախագահ Յոան Բոտեզը, Ռումինիայի գահի խնամակալ Գեորգե Բուզդուգանը, Յաշի քաղաքապետ, տարբեր տարիների արդարադատության, առողջապահության և այլ ոլորտների նախարար Գեորգե Մըրզեսկուն, կրթության նախարար և Ռումինիայի Ակադեմիայի նախագահ Դումիտրու Գուստին և այլք։ Ռումինահայ հայտնի գործիչ Գրիգորե Տրանկու-Յաշն իր հուշերում գրում է. «Այն ժամանակից ի վեր (խոսքը Կարակաշի դպրոց հաճախելու մասին է) 50 տարի է անցել, այսինքն՝ կես դար, և կարծում եմ, որ մեր այսօրվա նախակրթարանները դեռ չեն կարողացել հասնել մանկավարժական այն կատարելագործված եղանակին, որը կիրառում էր այդ ժամանակ Կարակաշն իր դպրոցում, որտեղ ես նույնպես աշակերտ էի»։
Դպրոցի ռումինահայ հայտնի շրջանավարտներից էին նաև ապագա հայտնի իրավաբան և քաղաքական գործիչ Գրիգոր Բույուկլիուն, գեներալ Հակոբ Զատիկը, բժիշկ Գաբրիել Թաթոսը, Ռոմանի քաղաքապետ Ն. Սոլոմոնը, Կովուրլույ մարզի ղեկավար Գ. Չունտուն, գնդապետ-դեղագետ Դ. Չոլակը, գնդապետ Սերջու Չունտուն և ուրիշներ։
Այս դպրոցը գոյատևեց մինչև հիմնադրի մահը՝ 1892թ. հուլիս ամիսը։
Ի դեպ, Լ. Սրմաքաշյանը գրում է, որ Կ. Կարակաշյանի եղբայրը՝ Գրիգորը, և մորեղբոր որդին՝ Կրիստով Պրունկուլը, Յաշի ամենահայտնի վաճառականներից էին, որոնց մահից հետո (համապատասխանաբար 1890թ. և 1895թ.) Յաշի շուկայում հայ վաճառական այլևս չմնաց։
Կ. Կարակաշի անվան հետ է կապվում ազգային կրթության, դաստիարակության ու հայապահպանության նպատակով հիմնադրված «Եաշու Ազգասիրաց Ընկերութիւն» անունով ընկերակցությունը։ 1867թ. նոյեմբերի 23-ին նրա և Յաշի մի շարք այլ հայրենասեր անձանց նախաձեռնությամբ հիմնադրված ընկերակցության նպատակներն էին.
ա) Արծարծել ազգասիրական ոգին Յաշի հայ հասարակության սրտին մեջ,
բ) Ընտանեցունել ժողովրդեան մեջ հայկական և ռոմանական լեզվագիտությունն, իբր հավասար հարկավոր և պարտավորյալ հայոց համար,
գ) Մեկնել Ավետարանի և Առաքելոց թուղթերուն իմաստը՝ ջանալով արմատախիլ անել ավելորդապաշտություններն և կրոնամոլություններն,
դ) Պաշտպանել աղքատ ուսանողաց առաջադիմությամբ մրցողներն՝ օգնելոց նոցա հարկավոր եղած գրքերով և զգեստով, ուսումնին առաջ տանելու համար, և
ե) Դրամական օգնությամբ հասնել հայ վկայեալ արհեստավորաց՝ ըստ Ընկերութեանս կարողութեանցն։
զ) Իր անելիքները որոշելիս Ընկերակցությունը կունենա, որպես գլխավոր նկատառում, կատարվելիք գործի անհրաժեշտությունը և օգտակարությունը։
Այս նպատակների իրագործման համար կազմվեց երեք անդամներից բաղկացած վարչություն՝ Խաչերես Գարագաշյան՝ ատենապետ, Լուսիկ Սրմագաշյան՝ ատենադպիր, Ստեփան քահանա Շիշթովյան՝ գանձապետ։
Ընկերակցության հիմնադրման վերաբերյալ 1868թ. փետրվարի 6-ին շրջաբերական է ուղարկվում մյուս համայնքներ, որում նշվում է լուսավորության դերը, այսինքն՝ վարժարանների զարգացումն ապահովելու, այդ թվում՝ աղջիկների համար, ընկերակցություններ, որբանոցներ և անկելանոցներ ստեղծելու անհրաժեշտությունը։ Շրջաբերականում ներկայացվեց վարչության նոր հինգ հոգանոց կազմը՝ Խաչերես Գարագաշյան՝ ատենապետ, Ստեփան քահանա Շիշթովյան՝ փոխատենապետ, Լուսիկ Սրմագաշյան և Խաչերես Զեննեյան՝ ատենադպիրներ, Մկրտիչ Ջոլաքյան՝ գանձապետ։ Տարածաշրջանի հայությանը կոչ է արվում անդամագրվել այս ընկերակցությանը կամ իրենց քաղաքներում հիմնել մի այսպիսի ընկերակցություն։
Պոլսում լույս տեսնող «Կիլիկիա» ամսագրի խմբագրականը դրվատանքի խոսքեր է հնչեցնում այս նախաձեռնության հեղինակներին, իսկ վերջում ներկայացվում է ընկերակցության անդամների ցուցակը, որոնք ոչ միայն Յաշից էին, այլև Տըրգու Ֆրումոս, Ռոման, Բակըու, Տեկուչ, Բոտոշան քաղաքներից և Բեսարաբիայից։
«Ազգասիրաց» ընկերակցությունը գործունեություն է ծավալել մյուս հայաբնակ քաղաքներում ևս։ Մի վկայությունից իմանում ենք, որ այն աջակցություն է ցուցաբերել 1841թ. Գ. Ասակիի կողմից Ռոմանում հիմնադրված հայկական դպրոցին։ Ցավոք սրտի, այս ընկերակցությունը երկար կյանք չունեցավ։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ 1924թ. Յաշի Թաղական խորհրդի նամակներից մեկը կնքված է «Ազգասիրաց ընկերակցության» կնիքով, որը, փաստորեն, դեռ օգտագործվում էր։
Արսեն Արզումանյան