Elena Chobanyan

Գուրգեն Հովհաննիսյան․ «Հայաստանը քվանտային էվոլյուցիոն շրջանում է»

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

«Այսօր շատ ենք հանդիպում ինքնակոչ նկարիչների և փիլիսոփաների, ովքեր ընդամենը համակարգային շեղումներ են: «Բանտային» մտածողությամբ, կարծրատիպերով «շղթայված» երբևէ անսահման ու անկաշկանդ արվեստ չես ստեղծի։ Նման, թույլ տվեք արտահայտվել՝ դիլետանտներն են փորձում ստեղծել «խեղճ արվեստագետի» կերպար, ինչը երբևէ չի եղել մեր իրականության մեջ», – «Արարատ»-ի հետ զրույցում ասում է աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։

Հետաքրքիր է՝ Ձեր գործերում հաճախ պատկերված են բնություն, մարդու մարմիններ և կերպարներ: Դրանք անկաշկանդ արվեստի տեսա՞կ են, թե՞…
Իմ նկարներում ուրույն տեղն ունի սիմվոլիզմի սակրալ և հարուստ լեզուն: Բնությունը և մարդն իրենց բազմաթիվ տեսակների և դրսևորումների մեջ նկարչի համար միշտ եղել են անսպառ ոգեշնչման աղբյուր։ Իմ գործերում այդ ամենն արտահայտված է օբյեկտիվ իրականության քվանտային տրանսֆորմացիաների տեսքով. այնպես ինչպես զգում և ընկալում եմ իրականությունը, ավելի ճիշտ՝ իրականությունները: Մարմնի մասերն էլ պլաստիկ ձևափոխություններ են, որոնք պրոեկտում են անհատի ներքին վիճակը, ապրումներն ու ձգտումները, իսկ յուրաքանչյուր մարդ մի ամբողջ տիեզերք է։

Ի՞նչ է թաքնված, օրինակ,  «Մեկ Ակնթարթ» (Un second) պատկերներում: Կարո՞ղ եք մի քանի բառով լուսավորել մեզ:

Մանրանկարային ոճի մեջ, որոնց թվին են պատկանում ձեր հիշատակած գործերը, հագեցած են խորհրդանիշների բազմաշերտ համադրումներով: Նման ստեղծագործական ոճը կոչվում է «Հայպեր Արտ» (“Hyper Art”)։ «Մեկ Ակնթարթ» ստեղծագործության մեջ փորձել եմ պատկերել կյանքի՝ որպես մեկ կարճ ակնթարթ լինելու փիլիսոփայական մոտեցումը, արարման մշտական ընթացքն ու անմահությունը:

Իսկ «Օրփեո՞սը» (Orpheus)։

Այն ֆունդամենտալ փիլիսոփայական արժեքների անդրադարձ է: «Օրփեոսի» և «Էվրիդիկայի» լեգենդը չափազանց արդիական է, քանի որ այն՝ որպես հոգեմենտալ մոդել վաղուց առկա է մեր կյանքում։ «Օրփեոսը», որպես տղամարդու կերպար, առանց վարանելու իջնում է Տարտարոս՝ իր սիրելիին Հադեսի ճիրաններից ազատելու, և դա անում է արվեստի միջոցով: Այն հիասքանչ պատմություն է՝ սիրո և անմահության, հավերժական արժեքների, նվիրումի, պատրանքների և աստվածայինի մասին: Գուցե խորթ կամ անհասկանալի հնչի շատերի համար հոգևոր նիրհի մեջ գտնվելու պատճառով, բայց արվեստը բոլոր ժամանակների և բոլորի համար է: Այն համբերատար սպասում է իրեն ըստ արժանվույն գնահատողին, իր շնորհակալ դիտորդին կամ ունկնդրին։

Սահուն անցում կատարենք հաշվենկատ իրականությանը: Ի՞նչ դժվարություններ կան Հայաստանում ապրող արվեստագետի, ստեղծագործողի աշխատանքում:

Արվեստագետի համար ոչ մի խոչընդոտ չի եղել ու չկա։ Ստեղծագործող, արարող էությունն ինքն է իր իրականության տերը, ինքն է ղեկավարում և ստեղծում իր կյանքի վերափոխումներն ու իրավիճակները։ Շատ է խոսվում գնահատված լինելու մասին, իբր արվեստագետները, հատկապես նկարիչները մշտապես կարիքի մեջ են, բարդ կյանք ունեն և այլն: Սակայն դրանք ոչ այլ ինչ են, քան վաղուց վերապրած պատրանքներ, ստամտավորականների կարճամտության արդյունք։ Իրական մտավորականը, արվեստագետը երբեք չի բողոքում, չի փորձում նվաստացնել կամ անհարկի քննադատել մեկ այլ ստեղծագործողի, այլև արվեստի միջոցով է իր մտորումներն ու ցանկությունները փոխանցում մարդկությանը։
Բարձրագույն արվեստը (“High Art”) գրեթե բոլոր դարաշրջաններում միշտ մնում է անհասանելի ու չհասկացված՝ լայն զանգվածի համար: Իսկ պլագիատային՝ բարձր արվեստի խամրած ու այլասերված տեսակը գրեթե միշտ ընկալելի է հասարակության ցածր՝ գեղջկական, սահմանափակ մտածելակերպ ունեցող և կարծրատիպերով նախապաշարված հատվածին:

Բազմիցս հայտնվել եք հայկական հեռուստաէկրաններին: Ինչպիսի՞ն են այսօրվա հայ հեռուստաընկերությունների վիճակն ու սկզբունքները: Ի՞նչ ճանապարհով են ընթանում համապատասխան ղեկավարողների գործելաոճն ու ընտրած հեռուստաուղին:

Հեռուստածրագրերին իմ մասնակցությունն ունեցել է բացառապես փորձարարական բնույթ, որոնց ժամանակ փորձել եմ հաղորդել իմ գիտելիքներն ու հմտությունները՝ օգտակար լինելով մարդկանց: Ինչ վերաբերում է այսօրվա հայկական հեռուստաընկերություններին, ապա դրանք չունեն որևէ սկզբունք: Այն հատվածը, որը դիտում է հեռուստացույց, հիմնականում այլընտրանք չունի, իսկ նրանք, ովքեր կարող են համացանցից կամ վճարովի հեռուստածառայությունից օգտվել, վաղուց չեն սպառում այն հեռուստաարտադրանքը, որն անխնա ստեղծում է մեր հեռուստատեսությունը՝ տարիներ շարունակ։ Ըստ էության, իրականությունից կտրված՝ համառորեն շարունակում են ցուցադրել այն ինչ գիտեն կամ ցանկանում են, սակայն այդ ամենը մոտ ապագայում հայկական հեռուստատեսության ամբողջ համակարգում անդառնալի հետևանքների կհանգեցնի։ Հեռուստատեսության աշխատակիցներն իրենց հերթին հասկացել են, որ շահագործվելով և անխնա օգտագործվելով հեռուստաասպարեզում՝ միայն վտանգի են ենթարկում իրենց առողջությունն ու հոգևոր խաղաղությունը։

Որպես էզոթերիկ, ինչպիսի՞ն եք տեսնում մեր հայրենիքը՝ առաջիկա 1-5 տարիների ընթացքում:

Վերջերս տեղի ունեցած փոփոխությունները հեղափոխության, ազատամտության վերելք, համարձակ կեցվածք և ահռելի լիցք են տվել յուրաքանչյուրիս՝ բացելով լայն հնարավորություններ, ինչը նախկին ռեժիմի մտածելակերպով անհնարին էր պատկերացնել։ Առաջիկա տարիներին՝ հատկապես 2020–2021թթ., ահռելի արագությամբ կմաքրվեն անցյալի բոլոր մնացուկները: Այն ամենը, ինչ հատուկ էր նախկին պահվածքին՝ քաղաքականությունից մինչև խիստ անձնական փոխհարաբերություններ, կենթարկվեն անդառնալի փոփոխման։ Ամեն հնարավորություն ստեղծված է, որպեսզի մոտակա հինգ տարիների ընթացքում ունենանք կենսամակարդակային, կուլտուրոլոգիական և մշակութային աննախադեպ աճ՝ դեպի նոր կենսական հարթություն տանող թռիչք։ Այդ տեմպի և փոփոխությունների ինտենսիվության մեջ հաղթողներ ու պարտվողներ չեն լինի: Այժմ գործում են քվանտային էվոլյուցիոն կանոնները: Անցյալին կառչածները կպարփակվեն իրենց հիշողությունների և իմացած իրականության մեջ՝ շարունակ դրանք վերապրելով մինչև հատկացված ժամանակի ավարտը: Քվանտային մակարդակում թռիչք կատարած խմբերն էլ, որոնք կշարունակեն նոր կենսամակարդակի կառուցման գործը, իրենց անձնական պատմությունն ու համակարգային չափորոշիչները կզոհաբերեն՝ հանուն ընդհանուր բարօրության։

Ելենա Չոբանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *