Երևանյան կինոպոեզիա. Արհեստական բանականությունից մինչև կինոյի վարպետներ, «Ոսկե ծիրան 2026»-ի ուղենիշները
Հուլիսի 13-19-ը Երևանում անցկացվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը՝ «Be a Poem» («Եղիր պոեզիա») խորագրի ներքո։ Աշխարհի լավագույն 50 կինոփառատոնների շարքին դասվող այս իրադարձությունը մեկտեղեց միջազգային վարպետներին, երիտասարդ կինոգործիչներին և արվեստասերներին։
Ինտերակտիվ մեկնարկ և պոետիկ ուղերձ
Փառատոնը հրաժարվեց ավանդական կարմիր գորգից՝ բացումը Կ․ Դեմիրճյանի անվան համալիրում ազդարարելով «Chora Gavit: A Score for Moving Bodies» տարածական երաժշտական ինստալացիայով (hosq հիմնադրամի հետ)։ Հանդիսատեսի շարժումով վերափոխվող ձայնային միջավայրը միավորեց հունական «Chora» և հայկական «Գավիթ» հասկացությունները՝ ներքաշելով այցելուներին արվեստի տարածություն։
«Պոեզիան մարդկային փորձառության լեզու է։ Մենք հանդիսատեսին հրավիրում ենք ապրելու արվեստի ներսում», – նշեց գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Բացմանը հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը «Վարպետ» մրցանակը հանձնեց ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին, իսկ օպերատոր Բրունո Դելբոնելն արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին։ Իբրահիմ Մաալուֆը ներկայացրեց իմպրովիզացիա՝ նվիրված «Նամուս» ֆիլմի 100-ամյակին, որից հետո փառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով։
GAIFF Pro. ինդուստրիալ հարթակ և նորարարություն
GAIFF Pro-ն (DOCA Georgia-ի հետ) ներկայացրեց 17 նախագիծ ավելի քան 14 երկրներից։ Այս տարվա առանցքային ուղղություններն էին. AI Track (Lumiverse-ի և Magnific AI-ի հետ)՝ արհեստական բանականության կիրառումը կինոյում; Casting Workshop՝ եվրոպացի առաջատար քասթինգ տնօրենների մասնակցությամբ; Օպերատորական ծրագիր՝ Բրունո Դելբոնելի, Շեյմուս ՄաքԳարվիի և Մահմուդ Քալարիի վարպետաց դասերով։
Փառատոնն ամփոփվեց Կինոյի տանը կայացած մրցանակաբաշխությամբ.
- Միջազգային մրցույթ. «Ոսկե ծիրան»՝ «Հոսանքներ» (ռեժ. Մելագրոս Մումենթալեր), «Արծաթե ծիրան»՝ «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (ռեժ. Մ. Ահմադվանդ, Ֆ. Խոսրովանի):
- Տարածաշրջանային մրցույթ. «Ոսկե ծիրան»՝ «Ամիրի հոգում» (ռեժ. Ամիր Ազիզի), «Արծաթե ծիրան» և FIPRESCI մրցանակ՝ «Չորացած տերև» (ռեժ. Ալեքսանդրե Քոբերիձե):
- «Կորիզ» (Կարճամետրաժ). «Ոսկե ծիրան» և Գ․ Մելքոնյանի անվան մրցանակ՝ «Մենավոր երկխոսություններ» (ռեժ. Սերուժ Հովսեփյան), «Արծաթե ծիրան»՝ «Վարձու սգավորներ» (ռեժ. Օվսաննա Գևորգյան):
«Փարաջանովյան թալեր» մրցանակին արժանացավ նաև Մահմուդ Քալարին, իսկ «Վարպետ» մրցանակին՝ պրոդյուսեր Սև Օհանյանը։ Փառատոնը եզրափակվեց Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ։
Ելենա Չոբանյան





