Elena Chobanyan

ՌԻԹՄԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ. ԷԼԼԱՅԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Շատերի համար պարն ուղղակի լիցքաթափվելու, առողջ կենսակերպ կամ գեղեցիկ կազմվածք ունենալու միջոց է։ Սակայն պատանի Էլլա Մատոսյանի համար այն վաղուց անցել է սովորական հոբբիի սահմանները. նա ընտրել է պրոֆեսիոնալ պարողի բարդ, բայցև հետաքրքիր ուղին։ Եվ դա միանշանակ լավագույն ընտրությունն էր։

Երբ աղջնակը բեմ է բարձրանում, ամեն մի շարժումով ու դիմախաղով ստիպում է զգալ, որ նա պարզապես չի պարում, այլ ապրում է երաժշտության յուրաքանչյուր ռիթմն ու ակորդը՝ մարմնի ամբողջ բջիջներով։ Նրա բացառիկ արտահայտչականությունն ու նվիրումն առաջին իսկ վայրկյանից գերում են հանդիսատեսին՝ ապացուցելով, որ իսկական տաղանդն ու աշխատասիրությունը սահմաններ չեն ճանաչում։

Մեր ընթերցողների համար նշենք, որ Էլլան Արցախյան երկրորդ պատերազմի (44-օրյա պատերազմ)  անմահ հերոս Վարուժան Մատոսյանի դուստրն է։ Հորից ժառանգած անկոտրում ոգին, կամքն ու նպատակասլացությունն այսօր վառ արտահայտվում են նաև նրա արվեստում։

– Սիրելի Էլլա, ինչպե՞ս սկսվեց քո ուղին պարարվեստում, և ո՞րն էր այն բեկումնային պահը, երբ հասկացար, որ պարը քո կյանքի գլխավոր կոչումն է։
– Անկեղծ ասած՝ սկզբում ընդհանրապես չէի ցանկանում պարի գնալ: Այդ որոշմանն ինձ դրդեց մայրիկս: Բայց հենց առաջին իսկ քայլերից զգացի, որ ներսումս ինչ-որ բան փոխվում է, ու պարն ինձ դուր է գալիս: Երբ պարուսույցս նկատեց իմ նվիրումն ու ջանքերը, նա սկսեց ինձ առաջ մղել, իսկ ես իմ հերթին հասկացա կարևոր մի բան, որ պետք է աշխատել սեփական ուժերի առավելագույն չափով, որպեսզի հասնես հաջողության, որ ավելի շատ նկատելի դառնաս ընտրածդ ուղում:

– Արդյո՞ք հնարավոր է Հայաստանում երիտասարդ պարողի համար հասնել մեծ հաջողությունների, ճանաչելիության և մեկնել արտասահմանյան տուրերի՝ չունենալով ֆինանսական աջակցություն կամ ազդեցիկ ծանոթություններ ու կապեր։
– Ինձ թվում է՝ այո, թեև ոչ բոլորի պարագայում: Դա մեծ մասամբ կախված է մարդու աշխատասիրությունից և նպատակասլացությունից:

– Համամիտ եմ, բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, շատ հաճախ միայն աշխատասիրությունն ինքնին բավարար չէ մեծ հաջողության հասնել: Իսկ ո՞րն է եղել քո ամենամեծ մարտահրավերը պարային կյանքում մինչ օրս, և ինչպե՞ս է քեզ հաջողվում պահպանել մոտիվացիան ու շարունակել առաջ շարժվել։
– Երբ մեկնեցինք Վրաստան՝ մրցույթի և տուն վերադարձանք պատվավոր առաջին հորիզոնականով, դա աննկարագրելի էմոցիաներ առաջացրեց: Այն պահին, երբ բեմում էի ու դահլիճը թնդում էր անդադար ծափահարություններից, ներսումս մի անսովոր կրակ վառվեց: Հանդիսատեսի էներգիան ինձ թևեր տվեց՝ ստիպելով գերազանցել ինքս ինձ ու հավատալ, որ իմ առջև ոչ մի սահմանափակում չկա:

– Այս բարձր ոգևորությամբ էլ ցանկանում եմ, որ պարերդ ներկայացնես աշխարհի ամենամեծ բեմերում։ Վստահ եմ, որ հայրդ քեզանով շա՜տ կհպարտանար…
– Շնորհակալ եմ։

Ելենա Չոբանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *