Ararat

Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page
  •  
  •  

27.09.2020

Սիրելի՛ հայրենակից,
Սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Հարձակման թիրախում են հայտնվել նաեւ քաղաքացիական բնակչությունը, ենթակառուցվածքները, որի հետեւանքով կան ավերածություններ, զոհեր եւ վիրավորներ: Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ զորահավաք: Պաշտպանության բանակը մղում է համառ մարտեր՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները: Սա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է:

Բռնապետական Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսորի կեցվածքին, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարմամբ եւս մեկ անգամ դիմում է հրադադարի ռեժիմի խախտման, որը եղել է նախապես մշակված, ծրագրված եւ ակնհայտ դիտավորությամբ: Ադրբեջանն իր ներքին դժգոհութունները լռեցնելու համար սադրել է հերթական պատերազմը:

Այս ամենում ակտիվ ներգրավվածություն ունի եւ հիմնական դերակատարներից է Ադրբեջանի մեծ եղբայր, հովանավոր ցեղասպան Թուրքիան: Վերջինս դրսեւորում է ագրեսիվ, բռնարար, հայատյաց վարքագիծ, ռազմական օգնությամբ եւ վարձկանների խմբաքանակներով հրահրում է Ադրբեջանին պատերազմի՝ ցանկանալով ոչնչացնել մեր պատմական հայրենիքը:

Չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունների դիմել նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանի ուղղությամբ:

Այս պահին արդեն Ադրբեջանը եւս մեկ անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներն ունենա, դուրս գալ տարածաշրջանի սահմաններից ու սպառնալ միջազգային անվտանգությանը: Սա ոչ միայն պատերազմ է Հայաստանի եւ Արցախի դեմ, այլեւ պատերազմ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետությունն իր համահայկական ամբողջ ներուժով կանգնած է Արցախի թիկունքին՝ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու եւ մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար:

Մեր հաղթանակն անխուսափելի է, մեր բանակը հաղթանակած է, հաղթում է եւ հաղթելու է: Աշխարհի որ ծայրում էլ լինենք, մենք մեր հայրենիքի զինվորն ենք, մեր դերն ու անելիքն ունենք հայրենիքի պաշտպանության գործում: Յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր ներդրումը այս պայքարում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *