Arsen Arzumanyan

«Պարի տոնը ազգային ոճով»․ մեծամասշտաբ մշակութային նախաձեռնություն՝ նվիրված պարի միջազգային օրվան

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

1982 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (CID) նախաձեռնությամբ ապրիլի 29-ը ողջ աշխարհում նշվում է որպես Պարի միջազգային օր։ Այս գաղափարը առաջարկել է ռուս պարուսույց Պյոտր Գուսևը։ Տոնական ամսաթիվը պատահական չէ ընտրված․ այդ օրը ծնվել է ֆրանսիացի նշանավոր պարուսույց, բալետի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան Ժորժ Նովերրը (1727–1810), որը համարվում է ժամանակակից բալետի հիմնադիրը։

Տոնի նպատակը պարարվեստի բոլոր ճյուղերի համախմբումն ու մշակույթների միջև կապի խորացումն է։ 2025 թվականի ապրիլի 27-ին, այս տոնին ընդառաջ, Հայաստանում կազմակերպվեց եզակի մշակութային միջոցառում՝ «Պարի տոնը ազգային ոգով», որը նվիրված էր նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր, մեծ բարերար Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակին։ Միջոցառման անցկացման վայրը պատահական չէր ընտրված՝ Երևանի Կասկադ համալիրում, որն ինքնին Ջերարդ Գաֆէսճեանի նախաձեռնությամբ վերանորոգվել է 2002 թվականին և վերածվել ժամանակակից արվեստի կենտրոնի։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Հայկաններ պարային դպրոցի հիմնադիր, պարուսույց Արթուր Հարությունյանի համագործակցության արդյունքում, Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրի աստիճաններին համախմբվեցին շուրջ 1900 պարողներ։ Ընգրկված էին մայրաքաղաքի և մարզերի տարբեր խմբեր։ Պարողները հանդես եկան ազգային տարազներով, ներկայացնելով երեք պարեր՝ «Մըշու խըռ», «Աղքտի քոչարի» և «Սասնա Նարե»։ Մայրաքաղաքի սրտում թևածում էր ազգային ոգին, իսկ հանդիսատեսի հիացական արձագանքները վկայում էին միջոցառման հաջողության մասին։

Միջոցառման մեծ արձագանքը խթան հանդիսացավ նախաձեռնությունը շարունակելու նաև սփյուռքում, որտեղ գործում են բազմաթիվ հայկական պարախմբեր։ Ինչպես նշեց Արթուր Հարությունյանը՝ նախագծի գաղափարն է ցույց տալ ազգային դիմագիծը և համախմբել աշխարհասփյուռ հայ պարախմբերը, ներկայացնելու հայկական մշակույթն ու ոգին Հայաստանի սահմաններից դուրս։

2025 թվականի օգոստոսի 24-ին Արթուր Հարությունյանը այցելեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ ազգային պարերի ուսուցման նպատակով։ Ռումինիայի հայ համայնքի «Վարդավառ» պարախումբը՝ պարուսույց Բելա Մարտիկյանի ղեկավարությամբ, մեծ ոգևորությամբ միացավ նախագծին։ Պարախմբի անդամները սովորեցին երեք ազգային պար ՝ «Մայրոքե», «Թամուր Աղա» և «Քոչարի»՝ նպատակ ունենալով Ռումինիայի տարբեր քաղաքների հայ համայնքերում ներկայացնելու և ուսուցանելու պարերը։

2026 թվականի Պարի միջազգային օրվա կապակցությամբ «Պարի տոնը ազգային ոգով» միջոցառումը նախատեսվում է իրականացնել Բուխարեստի Խորհրդարանի առջև՝ ներգրավելով Ռումինիայի հայ համայնքի պարախմբերը։ Նախագծի շրջանակում ապագայում նախատեսվում է նմանատիպ միջոցառումներ իրականացնել նաև Եվրոպայի պատմամշակութային տարբեր կենտրոններում՝ շարունակելով հայկական մշակույթը ներկայացնելու և տարածելու գեղեցիկ առաքելությունը։

Նարե Կարապետյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *