Arsen Arzumanyan

19-րդ դարասկզբի օսմանյան ժապավինաձև օրացույց (Ռումինիայի ազգային արխիվ, Հակոբ Սիրունու ֆոնդ)

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Մեծանուն հայագետ Հակոբ Ջոլոլյան Սիրունու արխիվը հարուստ է բացառիկ նյութերով, որոնք ընդգրկում են ոչ միայն հայագիտության, այլև օսմանագիտության և հարակից այլ ոլորտներ։ Պոլսահայ մտավորական շրջանակների կարկառուն ներկայացուցիչ Սիրունին Ցեղասպանությունից հետո հաստատվեց Ռումինիայում և հետագա կյանքն այնտեղ անցկացրեց՝ բացառությամբ տասնամյա աքսորի շրջանի։

Բուխարեստում նա մտերմացավ ռումին մեծ պատմաբան և հայագետ Նիկոլաե Յորգայի հետ, որն արդեն նախկինում հայտնի էր իր հայագիտական թեմաներով դասախոսություններով և, ըստ իր իսկ խոստովանության, վաղուց կարիք ուներ այնպիսի հայ մտավորականի, որը կարող էր իրեն օգնել հայոց լեզվի և, ընդհանրապես, հայագիտության ոլորտի հարցերում։ Սիրունու և Յորգայի ընկերական ու գիտական սերտ կապերը հետագայում ծառայեցին նաև հայ համայնքի տարբեր խնդիրների լուծմանը, հատկապես այն շրջանում, երբ Նիկոլաե Յորգան զբաղեցնում էր Ռումինիայի վարչապետի պաշտոնը։

Ռումինիայում Սիրունին մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն որպես հայագետ, այլև հատկապես որպես օսմանագետ։ Ռումինիայի ազգային արխիվներում առկա էին օսմաներեն բազմաթիվ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էր վերծանել, թարգմանել, գիտականորեն վերլուծել և համակարգել։ Այդ կարևոր աշխատանքը Սիրունին կատարում էր փայլուն կերպով։ Փաստաթղթերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը բացատրվում էր նրանով, որ դրանցում կային մեծածավալ և արժեքավոր տեղեկություններ Ռումինիայի և նախորդող ռումինական իշխանապետությունների պատմության վերաբերյալ։    

Սիրունու մահից հետո Բուխարեստի ազգային արխիվում ստեղծվեց նրա անունը կրող երկու առանձին ֆոնդ։ Առաջինը (հմր. 2125) ընդգրկում է 1890-1973 թվականներն ու վերաբերում է նրա կյանքին և բազմաբեղուն գործունեությանը։ Երկրորդը՝ Սիրունու անձնական, համեմատաբար փոքրածավալ ֆոնդն է (հմր. 2837), որը ներառում է 1597-1972 թվականների նյութեր։ Այս վերջին ֆոնդի արժեքավոր ձեռագրերից է 19-րդ դարի սկզբի ժապավինաձև օսմանյան օրացույցը (հմր. 4)՝ 1.2 մ երկարությամբ և 10 սմ լայնությամբ։ Օրացույցի հեղինակը հայտնի օսմանցի գիտնական և գեղագիր Սուլեյման Հիքմեթին է, որը եղել է Կոստանդնուպոլսի Ջեդիդ Ալի Փաշայի մզկիթի իմամը, դասավանդել է գեղագրություն Լալի-զադե Աբդուլքադիր Էֆենդիի դպրոցում և հեղինակել օրացույցներ, այդ թվում՝ իսլամական և հուլյան օրացույցների աստղագիտական ​​աղյուսակներով:

Օրացույցի և առհասարակ այս նյութերի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատող, թուրքագետ Անի Ավետիսյանին, որը հետաքրքիր և արժեքավոր մանրամասներ ներկայացրեց այդ օրացույցների մասին։ Օրացույցը հայտնի է «Ռուզնամե-ի Դարենդևի» («Դարենդևի օրացույց») և «Թաքվիմ-ի դաիմի» («Հավերժական օրացույց») անուններով։ Այն պատրաստվել է երկարատև օգտագործման համար։ «Դարենդևի օրացույցը» համարվում է օսմաներենով գրված եթե ոչ առաջին, ապա նման օրացույցների շարքում գլխավոր տեղը զբաղեցնող օրացույց։ Այն կարևորվում է օսմանյան-իսլամական, ինչպես նաև արևմտաեվրոպական աստղագիտության պատմության ուսումնասիրության աղբյուր լինելու հանգամանքով և գտնվում է արևելագետների ուշադրության կենտրոնում։

Ամբողջական ժապավինաձև օրացույցը պետք է բաղկացած լինի իրար հաջորդող հիմնականում 13 աստղագիտական և ժամանակագրական աղյուսակներից, որտեղ օրվա տևողությունը դասակարգվում է ըստ արևածագ, առավոտ, կեսօր, երեկո, գիշեր հերթագայության, ամսանուններն էլ հիշատակվում են երկու՝ լուսնային իսլամական (Հիջրի) և արևային Ռումի (Rūmī Takvīm) օրացույցների։

Լուսանցային հատվածներում նշված են տվյալ աղյուսակից օգտվելու կանոնները, ինչպես նաև տարվա 12 ամիսներին առնչվող կենցաղավարման և կրոնական բնույթի մեկնություններ։ Օրացույցի վերջում նշված են Ստամբուլում և նրա հարակից տարածքներում Քաաբայի որոշման կանոնները։

Հատկանշական է, որ նույն գրչի գրեթե նույն զարդարանքով օրացույցի մեկ այլ օրինակ  (հջր. 1217/1802 թ.) Մատենադարանի օսմաներեն ձեռագրերի շարքում է։ Այն պահվում է 633  համարի ներքո՝ 1.45 մ երկարությամբ և 11.3 սմ լայնությամբ, գրված է մանր կանոնավոր նասխ գրով: Ձեռագիրը Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի հավաքածուի մաս է կազմել 1959 թվականին՝ նվիրատվությամբ։ Մատենադարանյան օրինակը նույնպես ժապավինաձև օրացույցի ամբողջական օրինակ է՝ բաղկացած 13 աղյուսակներից: Ի տարբերություն Ռումինիայի օրինակի՝ Մատենադարանի օրինակում առկա է յոթ մոլորակները ներկայացնող արձակ հատվածը, որին միայն հաջորդում են օրացույցը բնորոշող աղյուսակները:

Մատենադարան, Արաբատառ ձեռագրերի հավաքածու, ձեռ. հմր. 633

Եթե Ռումինիայի օրինակում բացակայում է գրչության թվականի հիշատակումը, ապա Մատենադարանի օրինակում գրչի անունն ու գրչության թվականը հիշատակվում է և՛ կազմի ներքին մասում՝ ոսկե լուսնանման մեդալիոնի մեջ, և՛ օրացույցի ավարտին՝ 13-րդ աղյուսակի ստորին հատվածում կարմիրով լցված աղյուսակի մեջ ոսկի տառերով: Իսկ Ռումինիայի օրինակում գրչի անվան հիշատակումը տեսնում ենք միայն օրացույցի ավարտին՝ 13-րդ աղյուսակի ստորին հատվածում կապույտով լցված աղյուսակի մեջ ոսկի տառերով:

Արսեն Արզումանյան, Քաղաքագիտության դոկտոր, հետազոտող (Բուխարեստ)
Անի Ժ. Ավետիսյան, Երևանի Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատող, թուրքագետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *