«ՄԱՐՍԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ»․ Այս տարի նշվում է Բյուրականի Աստղադիտարանի 75-ամյակը
2021թ. սեպտեմբերի 13-24-ը նշվեց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը, որի ժամանակ կազմակերպվեց գիտական և հանրային մի քանի հետաքրքիր միջոցառում: Սեպտեմբերի 13-17-ը տեղի ունեցավ Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոցը, սեպտեմբերի 18-ին՝ աստղագիտության օրը, նաև Համբարձումյանական ընթերցումներ, սեպտեմբերի 20-24-ը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» թեմայով միջազգային գիտաժողով և ԲԱ 75-ամյակին նվիրված էքսպո։


Մի փոքր պատմությունից…
Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ՝ 1998թ-ից կրելով Վիկտոր Համբարձումյանի անունը։ Աստղադիտարանի գիտական հետազոտությունները մասնավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ։ 1946թ-ից ի վեր Բյուրականում անցկացվում են բազմաթիվ կարևոր և հետաքրքիր գիտական միջոցառումներ։ Գիտական հետազոտություններից բացի՝ աստղադիտարանը կատարում է նաև տեղեկատվական գործառույթ՝ կազմակերպելով այցելություններ և դասախոսություններ։
2011թ.-ին Մարգարյանի շրջահայությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանի փաստագրական արժեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազվագյուտ գիտական արժեքներից մեկը։
ԲԱ գիտաշխատողներ, որոնք ներկայում առանձնանում են իրենց աշխատանքով
Նաիրա ԱԶԱՏՅԱՆ – Աշխատում է ԲԱ-ում 2013թ.-ից: Անդամակցություն՝ Եվրոպական աստղագիտական ընկերություն (ԵԱԸ), Հայկական աստղագիտական ընկերություն (ՀԱԸ), ԲԱ գիտական խորհուրդ:
Ուսումնասիրության հիմնական թեման
Այս պահին աշխատում եմ թեկնածուական ատենախոսության վրա, որը նվիրված է երիտասարդ աստղակույտերի ուսումնասիրությանը: Այն կարևոր է նրանով, որ դրանց հատկություններն ուսումնասիրելով պատկերացում կկազմենք հենց Արեգակի մասին: Կհասկանանք, թե ինչ էվոլյուցիա է այն ապրում և ինչպես են ծնվում այդ աստղերը:
Հայտնի է, թե փոքր զանգվածով աստղերն ինչպես են առաջանում, սակայն մեծ զանգվածով աստղերի առաջացումն աստղագիտության համար մեծ առեղծված է, որովհետև այդ գործընթացը շատ արագ է տեղի ունենում և ոչ մի դիտողական տվյալ չունենք հասկանալու համար՝ արդյոք մեծ զանգվածով աստղերը նույնպես առաջանում են փոքրերի պես, թե՞ այլ մեխանիզմով է դա լինում:
Այդ խնդիրը դեռևս անհայտ է, թեպետ կան տարբեր մոտեցումներ: Մինչ փոքր զանգվածով աստղերը կարող են առաջանալ մոլեկուլային ամպում արտաքին ազդեցության կամ ներքին պատահական շարժումների հետևանքով, ես հակված եմ այն տարբերակին, որ մեծ զանգվածով աստղերի առաջացմանը նպաստում է արտաքին մեծ ճնշումը, օրինակ՝ երկու մոլեկուլային ամպերի միմիանց հետ բախումը, մոտակայքում գերնոր աստղի առկայութունը և այլն: Այնուամենայնիվ, այդ հարցը ամբողջ աշխարհի աստղագիտության մեջ ուշադրության կենտրոնում է: Աստղերը հիմնականում խմբերով են առաջանում և մեր խնդիրը դրանց կույտերի առաջացման բացահայտումն է, հատկապես մեծ զանգվածով աստղերի ծնունդը:
Այլ ուսումնասիրությո՞ւն
Վերջերս իմ հոլանդացի գործընկերների հետ զբաղվում եմ նաև փախչող աստղերի ուսումնասիրությամբ: Համաձայն ենթադրվող սցենարներից մեկի, երբ երկու մեծ զանգվածով աստղ միմյանց շուրջ պտտվելով աստղերից մեկը պայթում է, այդ հարվածից երկրորդը շատ մեծ արագությամբ շպրտվում է: Ի վերջո, միջավայրի հետ բախվելով` տիեզերքում գեղեցիկ աղեղներ են ստեղծում և, արդյունքում, լքում են մեր գալակտիկան`կարծես թե մեր գալակտիկայի մասին տեղեկատվություն տեղափոխելով դեպի տիեզերքի այլ տիրույթներ:
Ձեռքբերում
Բարձր ազդեցության գործակից ունեցող եվրոպական ամսագրերից մեկում, Astronomy and Astrophysics, որի գրասենյակը Փարիզում է, հրատարակվել է իմ անհատական հոդվածը։ Դա ինձ համար ձեռքբերում է, քանի որ գիտական հոդվածներն այնտեղ շատ մանրակրկիտ են ստուգվում մինչ դրանց լույս տեսնելը:
Հայկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ –Աստղագիտական շրջահայություններ բաժնի գիտաշխատող,
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աստղագիտության ուսուցիչ, աշխատում է ԲԱ-ում 2007թ.-ից
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (2020): Անդամակցություն՝ Եվրոպական աստղագիտական ընկերություն (ԵԱԸ), Հայկական աստղագիտական ընկերություն (ՀԱԸ), Հայկական վիրտուալ աստղադիտարան (ՀՎԱ):
Ի՞նչ եք ուսումնասիրում
Ուսումնասիրում եմ տիեզերքի ամենաէներգետիկ աղբյուրները: Դրանք քվազարներն ու բլազարներն են: Քվազարներն ակտիվ միջուկով գալակտիկաների միջուկներ են։ Դրանք գալակտիկաների ձևավորման սկբնական փուլն են, որոնք ձևավորվելով հետագայում դառնում են գալակտիկա: Ուսումնասիրելով քվազարները՝ փորձում ենք հասկանալ գալակտիկաների առաջացման վաղ փուլերը:
Իմ վերջին աշխատանքներում մասնավորապես շեշտադրումը կատարել եմ բլազարներին: Վերջինները քվազարներից տարբերվում են նրանով, որ դրանց մոտ նկատվում է փոփոխականություն, մասնավորապես՝ օպտիկական և ռադիոտիրույթներում: Բլազարների դեպքում ավելի մեծ ակտիվություն է նկատվում, նաև ռենտգենյան տիրույթներում, և նրանք ամենահետաքրքիր աղբյուրներն են տիեզերքում:
Տիեզերքում, մինչ այժմ, հայտնաբերված է 3561 բլազար։ Դա բավականին փոքր թիվ է, հաշվի առնելով, որ օրինակ՝ աստղերի քանակը գալակտիկայում միջինում գնահատվում է 200-400 միլիարդ, որոշ դեպքերում 500 միլիարդ աստղ, կախված գալակտիկայի ձևից և չափսից: Ինչ վերաբերում է գալակտիկաների թվին, ապա այն միջինում հասնում է մի քանի հարյուր միլիարդի: Այստեղ նույպես չի կարելի խոսել գալակտիկաների հստակ թվի մասին։
Իմ գործընկերների հետ միասին կատարում եմ նաև ակտիվ միջուկով գալակտիկաների բազմաալիքային ուսումնասիրություն: Նաև, “Gaia” Space telescope-ի տվյալների հիման վրա, փորձում ենք որոշակի մեթոդներով դուրս բերել նոր՝ սպիտակ թզուկներ կոչվող աստղեր:
Կա՞արդյոք կյանք այլ մոլորակների վրա
Առայժմ մարդկությանը հայտնի չէ կենդանի օրգանիզմի առկայությունն այլ մոլորակների վրա, բայց կյանքի գոյությունը չի կարելի բացառել։ Եթե ինչ-որ տիրույթում լինի ջուր, որը կյանքի կարևորագույն բաղադրիչն է, ապա այնտեղ հնարավոր է կյանք առաջանալ, բայց հաշվի պետք է առնել նաև մոլորակի դիրքը։ Համարվում է, որ Երկրի վրա կյանքն առաջացել է ոչ միայն ջրի առկայության հետևանքով, այլ նաև Արեգակի նկատմամբ նրա դիրքի շնորհիվ: Օրինակ՝ Մարսի վրա ուղարկվել են բազմաթիվ սարքավորումներ հասկանալու համար մթնոլորտի, մակերևույթի բաղադրությունը և ջրային պաշարների առկայությունը։ Մարս մոլորակի վրա կյանք չկա, քանի որ պայմանները բավարար չեն կյանքի համար։ Այդուհանդերձ, այն համարվում է մեր մոլորակի ապագան:
Ռուբեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ – Ակտիվ գալակտիկաներ բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, աշխատում է ԲԱ-ում 1974թ.-ից, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1985): Անդամակցություն՝ Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ), Եվրոպական աստղագիտական ընկերություն (ԵԱԸ), Հայկական աստղագիտական ընկերություն (ՀԱԸ):
Ուսումնասիրության օբյեկտը.
Հիմնականում աշխատել եմ մեր գալակտիկայի և, ընդհանրապես, գալակտիկաների մագնիսական դաշտերի ուսումնասիրության ուղղությամբ: Աշխատանքներ կատարել եմ 1980-ականներից՝ արձանագրելով կարևոր արդյուքներ, որոնք առաջին անգամ ես եմ առաջարկել: Օրինակ՝ մեր գալակտիկայի երկկոմպոնենտ մագնիսական դաշտի գաղափարը: Այսինքն՝ գալակտիկայի մագնիսկանան դաշտը բաղկացած է երկու բաղադրիչից: Մեկը գալակտիկայի հարթության մեջ մագնիսական դաշտն է, մյուսը գալակտիկայի հարթությունից դուրս (հալոյի մագնիսական դաշտ): Այդ հալոյի մագնիսական դաշտն ունի դիպոլային տեսք, մեջտեղի մասում միացված երկու էլիպսներ: Մեր երկրագնդի մագնիսական դաշտը ևս ունի դիպոլի տեսք: Հազարավոր տվյալներ են օգտագործվել՝ այդ տեսքը դուրս բերելու նպատակով:
Երկրորդ կարևոր աշխատանքներից
Եթե ընդունենք, որ գալակտիկաների կամ ռադիոգալակտիկաների մագնիսական դաշտերը նույնպես ունեն դիպոլային տեսք, դրանից հետևում է, որ առաջացած ռադիոգալակտիկաները պետք է ունենան որոշակի տեսք: Ըստ Համբարձումյանական տեսակետի, ռադիոգալակտիկաներն առաջանում են գալակտիկայի կենտրոնից դուրս եկած պլազմայի շարժման հետևանքով, մագնիսական դաշտերի մեջ: Դիտումներից հաստատվում է, որ այդպիսի տեսքեր կան, իսկ հետագայում, հարյուրավոր դիտումների տվյալների հիման վրա, շատ հետևություններ են արվում դրանից:
Մագնիսական դաշտերն ազդում են նաև աստղերի և աստղերի շուրջը եղած մոլորակների առաջացման վրա: Այդ մագնիսական դաշտերը գալակտիկաներում ուժեղանում են՝ կոչվելով դինամո մեխանիզմներ, որոնք շատ լավ ուսումնասիրված են: Բայց, որպեսզի այդ դաշտերն աշխատեն, պետք է զրոյից մագնիսական դաշտեր առաջանան: Իսկ այդ խնդիրը մինչ այժմ լուծված չէ:
Տիգրան ՄԱՂԱՔՅԱՆ – Երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնի դասախոս, ԲԱ մասնագիտական խորհրդի նախագահ: Աշխատում է ԲԱ-ում 1975թ.-ից: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1979), Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2001):
Ուսումնասիրության թեման
Մի քանի լուրջ աշխատանքներ ունեմ արված: Օրինակ՝ 2003 թ. աշխարհում ստեղծեցի առաջին ընդհանուր անդրադարձվող միգամածությունները, հայտնագործություն, որից անընդհատ օգտվում է աշխարհի աստղագիտական համայնքը: Իմ համահեղինակների հետ միասին գտել եմ նաև մի քանի նոր աստղաառաջացման տիրույթներ, ինչը շատ կարևոր է մեր համաստեղության կառուցվածքը հասկանալու համար: Սկսել ենք օգտագործել նոր մեթոդներ, որոնց միջոցով կարելի է ընդհանրացնել ինտեգրալ սպեկտասկոպիան և, որի հիման վրա, կարելի է ուսումնասիրել տարածված օբյեկտները կամ ուղղակի շատ օբյեկտներ՝ քաղելով այնպիսի տեղեկատվություն, որը հնարավոր չէ այլ կերպ:
Այդ մեթոդով սկսել ենք ուսումնասիրել երիտասարդ աստղերից առաջացած ուղղորդված արտահոսքերը: Նույն մեթոդով ուսումնասիրել ենք ուղղորդված շիթերը (երիտասարդ աստղերից հոսող երկար շիթերի նման նյութ), դրանց շարժումները, ներքին կառուցվածքը և այլն: Բայց դեռևս շատ հարցեր կան:
Զբաղվում ենք նաև հետաքրքիր աստղերով՝ ֆորորներով, որի անվանումն առաջարկել է հենց Համբարձումյանը 1971 թ.-ին: Ըստ նրա, երկու օրինակ կա. երիտասարդ աստղեր, որոնք պայծառանում են և 100 անգամ ավելի շատ լույս են տալիս՝ մնալով հազարավոր տարիներ: Մինչ այժմ լավ բացատրություն չկա այդ մասով, սակայն Բյուրականում հաջողվեց գտնել ամենաքիչը երկու շատ անսովոր և ամենահետաքրքիր ֆուրորներից, նաև մի քանի այլ հետաքրքիր օբյեկտներ: Մարդկության կյանքի հետ ուղիղ կապ չկա, բայց կապեր կարող են գտնվել հետագայում:
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ
One Response to «ՄԱՐՍԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ»․ Այս տարի նշվում է Բյուրականի Աստղադիտարանի 75-ամյակը